211652_close_icon
views-count2008 դիտում article-date 19:14 01-09-2021

Քաջարան համայնքի ղեկավարին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով․ պաշտպան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ երկու ամսով երկարացվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս անգամ նախապես կայացված քաղաքական որոշումը ստորագրելու «պատվին» արժանացել էր Մնացական Մարտիրոսյանը (անշուշտ կրկին թղթային մակագրման եղանակով)։


Կարծում եմ` գործի էությանը լրացուցիչ անդրադարձի կարիք չկա։ Հանրությունը բավարար չափով տեղյակ է արդեն այն մասին, որ Մանվել Փարամազյանին վերագրվում են արարքներ, որոնք ոչ միայն օրինական չեն, այլեւ նա անգամ դրանց հետ առնչություն չունի։ Բացի այդ, որպես իրավաբան, առհասարակ անհնար եմ համարում վերլուծել վերջին շրջանի հրահանգավորված քաղաքական հետապնդումների գործերն իրավունքի տեսանկյունից։ Դատարանին ներկայացված նյութերում, սակայն, առկա է մի շատ հետաքրքրական հանգամանք։ Պարզվում է, որ այս գործով հաղորդում ներկայացնող անձը ուղիղ կապի մեջ է գտնվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։ Հաղորդում ներկայացնողի խոսքով, այդ պաշտոնյաներն իրեն հատուկ հեռախոսահամարներ են տրամադրել արագ ու անարգել կապ հաստատելու համար։ Ու կրկին այդ անձի խոսքերից` գործից տեղյակ է անձամբ «Փաշան» (փաստորեն Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում «Փաշա» են անվանում նաև նրա կողմնակիցները):


Այս փուլում, սակայն, մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ թե՛ քաղաքական հրահանգն իջեցնողին, թե՛ այդ հրահանգը հլու կատարողներին չի կանգնեցնում անգամ անազատության մեջ գտնվելու հետևանքով Մանվել Փարամազյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը։


Դեռ այս գործընթացներից առաջ է Մանվել Փարամազյանն առողջական խնդիրների հետ կապված ենթարկվել բժշկական հետազոտությունների, այդ թվում արտերկրում։ Նրա մոտ ախտորոշվել է «քնի օբստրուկտիվ ապնոէ» ծանր աստիճանի հիվանդությունը։ Այդ հիվանդությամբ տառապող անձինք այլ խնդիրներից բացի, մշտապես գտնվում են քնի ընթացքում շնչառության կանգ ունենալու վտանգի առջև։ Նման հիվանդությամբ տառապող անձինք քնելու ընթացքում ստիպված են օգտագործել հատուկ սարք ու գտնվել կողմնակի խնամքի տակ։ Արդեն կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանվել Փարամազյանի ախտորոշումը հաստատվել է նաև տեղացի բժիշկների կողմից, մինչդեռ նրա կյանքին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված միջոցներն անհնար է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի պայմաններում։

Այսինքն գործ ունենք ոչ միայն անձի ազատության իրավունքի ոտնահարման, այլ նաև կյանքի իրավունքին ուղղված ոտնձգությունների ու անմարդկային վերաբերմունքի ցուցադրության հետ։ Մենք արդեն շատ վաղուց գիտենք, որ կալանավորման որոշումները դակող անձանց երբեք նման հարցերը չեն հետաքրքրել, բայց պատասխանատվությունը, որին ենթարկվելու է Հայաստանի Հանրապետությունը որպես նման խախտումներ թույլ տվող պետություն, լինելու է զգալի ու անխուսափելի»։

Նմանատիպ նյութեր