211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:51 03-09-2021

Սփյուռքահայ 50 մասնագետ կմիանա կառավարության աշխատանքներին․ մեկնարկեց «իԳործ» ծրագրի երկրորդ փուլը

ՀՀ կառավարությունում մեկնարկեց սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի երկրորդ փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն այս տարի հնարավորություն կտա ևս 50 բարձրակարգ մասնագետի ժամանել Հայաստան և միանալ կառավարության տարբեր օղակների աշխատանքներին։

«իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը ներկայացրեց ծրագիրը, այնուհետև հույս հայտնեց, որ երկրորդ փուլի շրջանակում համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի բոլոր կառույցների հետ։ ԿԳՄՍ նախարարությունում աշխատող մասնակիցներից երկուսը ներկա էին հանդիպմանը՝ կրթական գործի ամերիկահայ մասնագետ Մարինա Ներսեսյանը, որը Բոստոնի համալսարանից է, և սիրիահայ Հակոբ Մակդիսը, որը Հալեպի համալսարանից է։

Դիմելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ իրենց կառույցը բազմապրոֆիլ է, և կարևոր է սփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ-ին ծառայեցնելը։

«Այս տարի շատ ընտրողաբար ենք մոտեցել, հույս ունենք, որ մեր մասնակիցներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կկատարեն։ Շատերն ավելի լավ պայմաններ են թողնում և Հայաստան գալիս»,- ասաց Մարտիրոսյանը։

Մարինա Ներսեսյանը ծնվել է Բեյրութում, մեծացել ԱՄՆ-ում։

«Մասնագիտությամբ անգլերենի ուսուցիչ եմ, 20-25 տարի դասավանդել եմ։ Եկել եմ Հայաստան, քանի որ սիրում եմ իմ երկիրը, ցանկանում եմ օգտակար լինել, որքան որ կկարողանամ։ Վստահ եմ, որ ձեզնից էլ շատ բաներ կսովորեմ ու գիտելիքների փոխանակում կլինի»,- նշեց Ներսեսյանը։

Հակոբ Մակդիսն էլ շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ փոխնախարարին՝ գերատեսչությունում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։

«Ծնվել եմ Հալեպում, մագիստրոսի աստիճան ունեմ, վերապատրաստվել եմ ամերիկյան միջազգային կենտրոնում, ունեմ մոտ 10 տարվա աշխատանքային փորձ։ Արևելյան մի քանի երկրում դասավանդել եմ միջազգային հաստատություններում։ Կարծում եմ, որ ոչ ֆորմալ կրթությունը շատ կարևոր է և ուրախ եմ, որ պետությունն աջակցում է նման նախաձեռնություններին»,- ասաց Հակոբը։

Լիանա Սիմոնյանը նաև Կենտրոնական բանկում ներկայացրեց ևս 2 մասնակցի՝ ամերիկահայ Վահե Ավագյանին և ռուսաստանահայ Արգիշտի Գինոյանին։

ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցություն կունենան։

26-ամյա Վահե Ավագյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ԱՄՆ-ում աշխատել է որպես տնտեսագետ՝ անշարժ գույքի ոլորտում։ Նա շեշտեց, որ հնարավորության դեպքում մեծ հաճույքով կտեղափոխվի և կապրի Հայաստանում։

Արգիշտի Գինոյանը, ով ՀՀ է ժամանել Մոսկվայից, հիմնական կրթությունը ստացել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, այնուհետև ընդունվել է ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ասպիրանտուրա։ Գինոյանն ունի տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Վերջին մի քանի տարում աշխատել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանում, ինչպես նաև ՌԴ նախագահին կից ակադեմիայի մի շարք գիտահետազոտական կենտրոններում։ ԿԲ-ում աշխատելու է մակրոտնտեսական դեպարտամենտում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն էլ ներկայացվեցին իրենց մոտ աշխատող 2 այլ մասնակից՝ էստոնահայ Ալինա Օվանեսսոն և ռուսաստանահայ Արևիկ Մարգարյանը։

ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի գրասենյակին և ընդգծեց, որ դեռ առաջին փուլից հաջող փորձ են ունեցել։

«Ես եկել եմ Փարիզից, որտեղ ապրում եմ 9 տարի, մինչ այդ 7 տարի ապրել եմ Դանիայում, սակայն ծնվել և մեծացել եմ Էստոնիայում։ Հույս ունեմ, որ ստացածս կրթությունն ու փորձն օգտակար կլինեն իմ հայրենիքին։ Էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտում ստացել եմ մագիստրոսի կոչում, աշխատել եմ Դանիայում, Փարիզում և Բելգիայում՝ տարբեր բնագավառներում, ինչպես նաև IT ոլորտում: Շնորհակալ եմ այսպիսի հնարավորության համար»,- նշեց Ալինա Օվանեսսոն և հավելեց, որ ծրագրեր են լինելու միջազգային կառույցների հետ, որտեղ հույս հայտնեց, որ կկարողանա օգտակար լինել։

Արևիկ Մարգարյանն էլ ժամանել է Սանկտ Պետերբուրգից, ով տարիներ առաջ ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը։

«Այնտեղ ստացածս գիտելիքները հնարավորություն են տվել շարունակել կրթությունը Պետերբուրգի պետական համալսարանում։ Այնուհետև, մնացել եմ դասավանդելու և աշխատելու բարձր տեխնոլոգիական կազմակերպություններում։ Հիմա որոշեցի, որ ժամանակն է այս փորձը կիրառել հայրենիքում՝ ի շահ Հայաստանի»,- ասաց Մարգարյանը։ 

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, արդեն ավարտվել է առաջին փուլը։ «իԳործ»-ը սփյուռքի մասնագետներին հնարավորություն է տվել աշխատել Հայաստանի պետական մարմիններում։ Առաջին փուլում մասնակիցները թվով 52-ն են եղել, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալել պետական համակարգում և հնարավորություն ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Նմանատիպ նյութեր