211652_close_icon
views-count2051 դիտում article-date 10:09 11-09-2021

Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչի՞ց է, որ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել։ Ուրախացողները չգիտեն՝ ինչպես չափը պահել եւ իրենց կողքին ապրող՝ ոչ տոնական տրամադրություն ունեցող մարդկանց զգացմունքները չվիրավորել։ Իսկ սգացողները պահանջում են, որ իրենց սուգը կիսեն բոլորն ու 24 ժամ՝ առանց րոպե անգամ այդ գծից շեղվելու։ Ի վերջո, բոլորին պետք է պարզ լինի, որ մի ամբողջ հասարակություն չի կարող ապրել նույն տոնայնության մեջ։ Եվ դա բնական է՝ մեկի տանը տոն է, մյուսի տանը՝ սուգ, բայց պետք է գտնել համակեցության, միմյանց զգացմունքները հարգելու բանաձեւը։

Պարզ է, որ հատկապես վերընտրվելուց հետո ՔՊ-ականների սրտում իսկական խրախճանք է, եւ նրանք դեռ երկար են մեր երեսով տալու իրենց 53 տոկոսանոց քվեն՝ այն ներկայացնելով որպես համազգային որոշում եւ իրենց անօրինականությունների համար տրված անբեկանելի մանդատ։ Բայց ակնհայտ է նաեւ, որ պատերազմում պարտությունը չմարսած, որդիներ կորցրած մարդիկ դեռ երկար են սգալու, եւ նրանց համար այդ մանդատն ու պարտվածներին մանդատ տվողը մերժելի են ու անգամ՝ ատելի։

Բայց եթե հրճվանքը թաքցնել չկարողացող իշխանավորները մի քիչ խելք ունենային, կհասկանային, որ այդ մանդատն իրականում թղթից է եւ շատ խաբուսիկ, որ այն, ինչպես ճարահատյալ տվել են իրենց, այն էլ հասարակության միայն մի մասը, նույն հաջողությամբ կարող են իրենց ձեռքից վերցնել։

Պետք է հասկանային, որ սգակիր մարդկանց, Արցախի համար տառապողների զգացմունքները հարգելն իրենց բուն պարտականությունն է։ Եվ անգամ եթե որոշել են սեպտեմբերի 21-ը նշել, դա պետք է արվի խելամտության շրջանակներում, առանց թմբկահարելու եւ ֆինանսական ճոխ ծախսերի։ Իսկ 1 միլիարդ դրամ հատկացնելով հրապարակում հարսանեկան քեֆ կազմակերպելն անիմաստ է ու անբարո»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր