211652_close_icon
views-count1584 դիտում article-date 10:01 18-09-2021

Միջազգային հարթակում խեղճության ու անկարողության տիպար են դարձել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստը մնում է փաստ, որ այս իշխանության վարած ապիկար քաղաքականության պատճառով Հայաստանի հեղինակությունը հողին է հավասարեցվել։ Դրա համար էլ բոլոր պրոֆեսիոնալ դիվանագետները հրաժարվեցին Փաշինյանի իշխանության պարագայում արտգործնախարար աշխատել։ Փաշինյանն էլ ստիպված եղավ արտգործնախարար նշանակել նախկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Բայց հարցն այն է, որ ԱԺ նախագահ եղած ժամանակ Միրզոյանը անգամ ի վիճակի չէր զարկ տալ խորհրդարանական դիվանագիտությանը, ուր մնաց՝ կարողանա արտաքին քաղաքական գերատեսչությունը պատշաճ կերպով ղեկավարել։

Բայց սա առանձին խոսակցության թեմա է: Իրականում ընդհանուր առմամբ այս իշխանության պաշտոնյաները, ինչպես մնացյալ գրեթե բոլոր ոլորտներում, առավել ևս արտաքին քաղաքականության դաշտում նույնիսկ չեն պատկերացնում դիվանագիտական ամենապարզ նրբությունները։ Արդյունքում մեր իշխանավորները՝ Փաշինյանից սկսած, կարող են հայտնվել տհաճ ու հաճախ նաև ծիծաղելի իրավիճակներում։ Իսկ դրանից տուժում է Հայաստանի հեղինակությունը։ Օրինակ՝ մամուլում տեսանյութ հայտնվեց այն մասին, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին արարողակարգով սահմանված է, որ առաջինը պետք է ժամաներ կազմակերպության գլխավոր քարտուղարը, բայց առաջինը Փաշինյանն է ժամանում։

Բացի այդ, շատ զարմանալի է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «օդանավի անսարքության» պատճառով ՀԱՊԿ նիստին չի կարողանում ներկայանալ, իսկ հետո հանկարծ պարզվում է, որ անսարքության հարցը լուծված է, և նա կարողանում է մեկնել և ուշացած ներկայանալ նիստին։ Իշխանությունները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում հասկանալ, որ դիվանագիտության մեջ յուրաքանչյուր դետալ հատուկ ուշադրության է արժանանում։ Եվ ՀԱՊԿ-ի շրջանակներում Արարատ Միրզոյանի ուշացումը ինչ-որ առումով դեմարշ կարող է դիտվել իրենց նկատմամբ։ Շատ լուրջ հարց է նաև այն, որ իշխանություններն ի վիճակի չեն միջազգային հանրության առաջ պատշաճ կերպով բարձրացնել մեզ հուզող խնդիրները։

Օրինակ՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու հարցը պետք է որ արդեն միջազգային շատ լուրջ աղմուկի պատճառ դառնար։ Սակայն Հայաստանը այս թեման արտաքին աշխարհում չի բարձրացնում այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Օրինակ՝ Փաշինյանն այդ թեմայով ընդամենը մեկ-երկու նախադասությամբ է խոսում, այն էլ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միայն նեղ կազմով նիստի ժամանակ։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Վիեննայում ընթացող խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ, որքան թույլ է տալիս նրա ելույթի մասին պատկերացում կազմել պաշտոնական հաղորդագրություններից, անգամ հարկ չի համարել գերիների հարցը բարձրացնել։

Իսկ ահա Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ-ի զեկույցները համարում է հորինված պատմություններ։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության... Մյուս կողմից՝ իշխանությունները, կարծես, մոռացել են, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, դրա համար էլ այս մասին նույնպես ծպտուն չեն հանում, իսկ խոսելիս էլ փաստացի հաստատում են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Դե... «սովետական քարտեզներով»: Բայց երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը, սկսում են դրա մասին տեղինանտեղին խոսել՝ առանց հաշվի առնելու, թե ի վերջո այն մեզ որքանով է ձեռնտու լինելու։ Այդպես էր կառուցված նաև Փաշինյանի ելույթը նույն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Իշխանությունների ուշք ու միտքը միայն այն է, որ հանկարծ Թուրքիայի ու Ադրբեջանի համար անհանգստություն չստեղծեն, իսկ Հայաստանն ու մեր շահերը «կսպասեն»։ Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակում խեղճության ու անկարողության տիպար են դարձել։ Բայց երբ խոսքը ներքին խնդիրներին է վերաբերում, ընդդիմությանն ու ընդդիմախոսներին ճնշելուն, նրանք իսկույն «դուխով» են դառնում, իսկ մուրճը նորից հայտնվում է ձեռքներին, ավելի ստույգ՝ լեզուներին...»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր