Դավիթ Մաթևոսյան՝ Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպար. newsline.am
ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին` Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում:
«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ,Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ». ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան:
Դավիթ Մաթեւոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել, գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Փայլուն զինվորական էր՝ հրետանավոր, բայց էդ կարգավիճակին հասել էր ինքնուս՝ լինելով հնարամիտ ինժեներ եւ անցնելով առաջին արցախյան պատերազմի դպրոցը։ Որպես զինվորական, ռազմի դաշտում անողոք էր թշնամու հանդեպ, բայցեւ, ինչպես իսկական զինվորական, հարգանքով էր վերաբերում հակառակորդին, երբեք նրան չթերագնահատելով եւ բացարձակ մարդկային վերաբերմունք դրսեւորելով գերիների նկատմամբ։ Հետեւաբար, հարգված էր ոչ միայն հայերիս կողմից, այլ նաեւ ադրբեջանցիների։ Իր խոսքը խոսք էր, դա գիտեին եւ մերոնք, եւ նրանք։ Դրա համար էլ գերիների փոխանակման գործը միշտ իրեն էր հանձնարարվում...։
... Փակագծերը հիմա չեմ բացելու, բայց էնպես էր ստացվել, որ ինքնապաշտպանությունը կազմակերպելիս, Դավիթը մի քանի հոգու հետ միասին, ըստ էության, մեն֊մենակ էր մնացել թշնամու բանակի դիմաց։ Ինչպես միշտ, նա ընդունեց մարտահրավերը, գիտակցաբար եւ խիզախաբար մտնելով անհավասար մարտի մեջ, որովհետեւ այլընտրանք չկար։ Նա տվեց հայրենիքին ամենինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչինչով դեռ չի փոխհատուցել»։
Նշենք, որ Զուրաբյանը դեռ մեկ տարի առաջ ՀՀ իշխանություններին առաջարկել էր Ազգային հերոսի կոչում շնորհել Դավիթ Մաթևոսյանին, սակայն՝ «ձայն բարբառո անապատի».
«...Նրա անցած ուղին, նրա հերոսական անձնատուր պայքարը հայրենիքի գոյության եւ ազատության համար, նրա անկրկնելի քաղաքացիական ծառայությունը սեփական երկրին արժանի են Ազգային հերոսի կոչմանը»։
Տեսանյութում ներկայացված է հանդիպում-բանակցություն, որը տեղի է ունեցել 1994թ. զինադադարից առաջ, Մեղրիի ու Օրդուբադի ներկայացուցիչների միջեւ, սահմանագծին, Արաքսի ափին:
«Էս տեսագրությունը նայել է պետք՝ հաղթողի դիրքերից Դավիթ Մաթևոսյանիս անխռով կեցվածքը, ժպիտը, գնդի հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի՝ ձեռքերը ծալած, ինքնավստահ խոսելը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի համեստ կեցվածքը Դավիթի ու Ղևոնդի մեջտեղում..:Ի՜նչ լավ է, որ խաղաղ գոյության անկեղծ ու գործնական ձգտում է եղել, քաղաքական կամք և համարձակություն և որ էդ բարդ շրջանում Մեղրին ունեցել է Դավիթ ու Ղևոնդ», ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիամ Ծատրյանը: