211652_close_icon
views-count46621 դիտում article-date 09:43 20-09-2021

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում. հնչել էր կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 18-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Սևան քաղաքի 2 բնակչի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են 28-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 31-ամյա Հրաչյա Պողոսյանը։

Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք եղել են Toyota մակնիշի ավտոմեքենայով։

Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Toyota-ի վարորդի և Opel մակնիշի ուղևոր՝ 27-ամյա Լորիս Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց էր արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր