211652_close_icon
views-count16079 դիտում article-date 20:14 22-09-2021

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորեղբոր սպանության համար. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ փորձագետի եզրակացության՝ տղամարդու մահվան պատճառը հանդիսացել է արյան սուր կորուստը, որը հետևանք է եղել կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժածի քրոջ որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ էր ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ 

Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչութան պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել էր նաև Շենգավիթի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։

 Նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ, պարզում էին մահացածի ամբողջական տվյալները։

Օպերատիվորեն ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում  հայտնաբերել էին 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։ 

Ծանուցում. Ենթադրյալ  հանցանքի  մեջ  կասկածվողը  կամ  մեղադրվողը  համարվում է  անմեղ,   քանի  դեռ  նրա  մեղավորությունն  ապացուցված  չէ  ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված  կարգով`  դատարանի`  օրինական  ուժի մեջ  մտած  դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր