211652_close_icon
views-count30674 դիտում article-date 15:30 28-09-2021

Ձեզ բացակա չենք դնում... Դավիթաշենի 192 դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ Հրայր Ասրյանին ու Վաղարշակ Գրիգորյանին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի  Գ.Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցում մեծարման երեկո էր. դպրոցի դասասենյակներից 2-ը անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Հրայր Ասրյանի և Վաղարշակ Գրիգորյանի անվամբ։ 

Արդեն դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո։ Մինչ այդ, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոս տղերքի հիշատակը, ապա Տերունական աղոթքով և օրհնանքով հանդես եկավ Դավիթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ Տեր Խորենը։ 

Միջոցառմանը, որին ներկա էին լեգենդար հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի շրջանավարտներ, Երևանի քաղաքապետարանի ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծանոթացան հերոսների կյանքին ու գործունեությանը, դիտեցին նրանց մասին ստեղծված փաստավավերագրական ֆիլմ, ինչը հերթական անգամ ապացուցեց, որ այդ տղերքը բոլոր նահատակված առյուծ ու արծիվ զինվոր տղերքի նման սիրել են Հայաստան ու Արցախ աշխարհը, ու հանուն Հայաստանի ու Արցախի հզորացման՝ նվիրաբերել են իրենց համար ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Երկուսն էլ արարող, ստեղծող մարդիկ էին, ովքեր, լսելով պատերազմի լուրը, առանց վարանելու մեկնել են առաջնագիծ ու կենաց-մահու պայքար են տվել իրենց զինակից ընկերների հետ։ 

Հրայր Ասրյանը, մինչ պատերազմը, լծված է եղել Արցախի շենացմանը։ Իզուր չէ, որ այսօրվա միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության քաղաքացիներն ասում էին. «Հրայրը, երբ առաջին անգամ գործի բերումով եկավ Արցախ, օրերի ընթացքում համոզվեցինք, որ նրա գիտելիքների շնորհիվ Արցախը բարգավաճելու է. մեր նման հասարակ ժողովրդի համար ստեղծվելու է ամուր Արցախ։ Ցավոք, պատերազմը նաև զոհեր է պահանջում, ու Հրայրն ու Վաղարշակը, ինչպես նաև էդ բոլոր թառլան տղերքը իրենց կյանքը տվեցին մեզ համար»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր