211652_close_icon
views-count1581 դիտում article-date 19:13 30-09-2021

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին. կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր