211652_close_icon
views-count2008 դիտում article-date 15:09 02-10-2021

Պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու,վերականգնվելու և դադարի ժամանակ. Արմեն Գեւորգյան

Պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին, կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Սիրելի բարեկամներ,

Վերջին շրջանում մեր երկրի շուրջ իրադարձությունները ձեռք են բերում մեծ անորոշություն և այդպիսով դառնում տագնապալի: Շատերը կասեն՝ ի՞նչ կարող է ավելի վատ լինել 44 -օրյա պատերազմից հետո:

Իհարկե պարտված պատերազմը, իր ձևաչափով, ուներ սահմանափակ, բայց որոշիչ բնույթ: Այն սկիզբ դրեց տարածաշրջանում աշխարհքաղաքական վերադասավորման ավելի մեծ, խորքային գործընթացին: Այս գործընթացում քառյակի`Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի (կարդացեք Միացյալ Նահանգներն ու ԵՄ -ն) հավակնությունները պետք է բավարարվեն:

Պետք է հստակ հասկանալ, որ ընդամենը երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հաշվին, կկազմվի Հարավային Կովկասի աշխարհքաղաքական քարտեզի նոր կոնֆիգուրացիա, որը կբավարարի բոլորին: Այդ որոշումները ծնվում են ծանր և ցավոտ, բայց դրանք սովորաբար կազմվում են ավելի երկար պատմական հեռանկարի համար՝ 50, 100 կամ ավելի տարի, իսկ լոկալ պատերազմներն ու հակամարտությունները որոշում են դասավորությունը ավելի կարճ ժամանակահատվածի համար:

Այս դժվարին գործընթացում է, որ կարևոր է ցույց տալ պրագմատիզմ, խոհեմություն, ընկերներին չկորցնելու և նոր դաշնակիցներ գտնելու ունակություն՝ սեփական ազգային շահերն առաջ մղելու համար: Բայց գլխավորն այն է, որ սեփական ժողովրդին դարձնես քո հիմնական դաշնակիցը կամ ուղեկիցը, կարողանաս հասնել հանրային կոնսենսուսի: Հարևանների հետ խաղաղություն չի կարող լինել, եթե չկա խաղաղություն սեփական երկրում:

Պրոցեսները մեր շուրջը գնում են սրընթաց՝ մենք չունենք վերակազմավորվելու,վերականգնվելու և դադարի ժամանակ։ Մեզ դա չեն տալու։ Բայց մյուս կողմից այնպես չէ, որ խոշոր խաղացողները շահագրգռված եմ մեր պարտությամբ և կամ գործելու են մեր շահերի դեմ։ Այս պայմաններում, ո՞րն է մեր անելիքը, մեր՝ հընթացս ուժեղացման ռեսուրսը։

– Հաղթահարել պարտվածի հոգեբանությունը։ Ակտիվ աշխատել դաշնակիցների, հարևանների և խոշոր խաղացողների հետ՝ պարտվածի հոգեվիճակը հաղթահարած։

– Պատրաստ լինել մեր ներսում հանրային կոնենսուսի։ Պատրաստ լինել՝ վերանայելու ներքին օրակարգը, պատրաստ լինել վերանայել շատ մոտեցումներ երկրի ներսում։

– Կտրուկ ուժեղացնել հայկական աշխարհի գործոնը։ Դա լուրջ, ծանրակշիռ գործոն է, եթե աշխատում ես գրագետ ու բոլոր ռեսուրսներն ու կապերը օգտագործելով»։

Նմանատիպ նյութեր