211652_close_icon
views-count1657 դիտում article-date 23:06 12-10-2021

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր

Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Գրաֆ Մուրժան։ Ծրագրում կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի թիվ 4 սիմֆոնիան և Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին։

Գրաֆ Մուրժան ջութակի դասեր սկսել է ստանալ 3 տարեկանից. առաջին ուսուցիչը եղել է հայրը։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրան։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։
Դմիտրի Յաբլոնսկին, 26 տարեկանում սկսելով դիրիժորական կարիերան, հասցրել է
ղեկավարել հինգ տասնյակից ավելի նվագախմբեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Լոնդոնի
թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Վերջինիս հետ երաժիշտը թողարկել է չորս
ձայնասկավառակ։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս շարունակ փառատոնը կներկայացնի դասական երաժշտության բարձրակարգ համերգներ՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ։

Երևանյան ունկնդիրը հնարավորություն ունի վայելելու այնպիսի մեծանուն երաժիշտների կատարողական վարպետությունը, ինչպիսիք են՝ դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահար Գիլ Շահամը, թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, բանդոնեոնահար Յուրի Մեդիանիկը, դիրիժորներ Իլյա Նորշտեյնը, Անտոն Շաբուրովը, Կոնրադ վան Ալֆենը, Ալան Չիրքոփը, Ֆելիքս Կորոբովը և այլք։

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը, EUFSC (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
 

Նմանատիպ նյութեր