211652_close_icon
views-count1364 դիտում article-date 17:42 12-10-2021

Սահմանադրական դատարանի կողմից որոշում չկայացնելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կրկին դիմել է ՍԴ Հարկային օրենսգրքին վերաբերող նույն խնդրով

Դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:

Սա հենց այն գործն է, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերջերս մերժել էր Պաշտպանի դիմումը և ըստ էության որոշում չէր կայացրել այն պատճառով, որ ՍԴ դատավորների ձայները բաշխվել էին հավասար. դա արգելք չէ նորից ՍԴ նույն խնդրով դիմելու համար։
 
Այս ոլորտում սահմանադրական իրավունքների խախտումները շարունակվում են։
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։

Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից։

Նշենք, որ այս գործով որոշում չկայացնելը մեզ համար առիթ դարձավ, որ նոր դիմում հասցեագրեինք Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հենց ՍԴ-ում քննության ընդունված դիմումի կապակցությամբ ձայների հավասար բաշխման պատճառով Բարձր դատարանի կողմից որոշում չկայացնելու հնարավորությունը։

Հանրային կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր