211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:12 13-10-2021

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ցույց է տրվել ատոմական «անշարժ անցումների» գոյությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ փորձարարորեն և տեսականորեն ցույց է տրվել ալկալիական մետաղների ատոմական «անշարժ անցումների» գոյությունը, որոնք կարող են լինել ատոմական անցումների հաճախության նշիչներ:

Ատոմի գերնուրբ կառուցվածքի մակարդակների մագնիսական ենթամակարդակները արտաքին մագնիսական դաշտում «խառնվում» են։ Ենթամակարդակների «խառնումը» չի կրում անկանոն բնույթ։ Այն բերում է ատոմական անցումների հավանականությունների և հաճախային շեղումների փոփոխության։ Այս «խառնման» հետևանքներից են ի սկզբանե «արգելված անցումների»՝ մագնիսականորեն ինդուկցված անցումների առկայությունը և դրանց ազդեցությունը շրջանային դիքրոիզմում, էլեկտրամագնիսականորեն ինդուկցված թափանցելիությունում և այլն։ Ատոմական ենթամակարդակների «խառնման» հետևանքներից է համարյա «անշարժ անցումների» գոյությունը։ Այդ անցումների հաճախային շեղումները մնում են համարյա անփոփոխ մագնիսական դաշտի բավական մեծ տիրույթում։ Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքում աշխատության հեղինակները՝ Արմեն Սարգսյանը, Արա Տոնոյանը, Դավիթ Սարգսյանը, ցույց են տվել «անշարժ անցումների» գոյությունը, դրանց հաճախային շեղման դիրքի համեմատական անշարժությունը։

Գիտնականները ցույց են տալիս, որ պահպանվում են սպեկտրալ անցումների հաճախությունների դիրքերը և ամպլիտուդները, ինչը կիրառելի է քանակական սպեկտրասկոպիայի համար:

Առաջարկվող տեխնիկան հաջողությամբ կիրառվել և փորձարկվել է գերճնշման պառակտման և ատոմային անցման հավանականությունների չափման, ատոմային հաճախականության հղման մշակման, իզոտոպային առատության որոշման, ատոմ-մակերևույթ փոխազդեցության ուսումնասիրության և ատոմային անցման հաճախության մագնիսական դաշտով պայմանավորված փոփոխության որոշման համար:

Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային գիտական առաջատար ամսագրերում՝ «The European Physical Journal», «Журнал экспериментальной и теоретической физики», «Optics Letters»:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ Ֆրանսիայի  Բուրգունդիայի համալսարանի  պրոֆեսոր Կլոդ Լերուայի լաբորատորիայի հետ համագործակցությամբ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր