211652_close_icon
views-count24741 դիտում article-date 11:50 18-10-2021

«Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում. 30-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր արգելապատնեշի վրայով առաջ է ընթացել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու մնացել պատնեշի վրա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի ավագ պարեկներ Գևորգ Բաբայանը և Սերոբ Չրաղյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր