211652_close_icon
views-count59159 դիտում article-date 15:40 28-10-2021

Արկադի Փելեշյանի ուղերձը՝ Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների բնակիչներին

Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների սիրելի բնակիչներ, ինչպես գիտեք, խոշորացման վերջին ծրագրով այսուհետ հանդես ենք գալու մեկ ընդհանուր համայնքի ներքո, ասել է թե՝ մեկտեղելու ենք բոլորիս հոգսերն ու կարիքները ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը:

Հարգելի հայրենակիցներ, կոչված եմ տեղեկացնելու, որ իմ համախոհների հետ վճռել ենք մասնակցել սույն տարվա դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին:

Վերջին առնվազն տասը տարիների իմ հանրային գործունեությունը միշտ եղել է հրապարակային, որի նկատմամբ հանրային գնահատականը արտահայտվել է 2012 և 2016 թվականների Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ժողովրդի կողմից մեզ տրված պատկառելի ու պարտավորեցնող քվեներով: Առաջիկա ընտրություններում «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» («ՀԱՍԿ») ավագանու համամասնական ցուցակում ընդգրկված մեր համախոհներով նորից հայցում ենք ձեր վստահության քվեն: Մենք լի ենք վճռականությամբ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր միասնական համայնքի շենության ու զարգացման: Մենք վճռական ենք թիկունք կանգնելու մեր բնակիչներին իրենց խնդիրների լուծման ճանապարհին:

Սիրելի վանաձորցիներ, գուգարքցիներ, շահումյանցիներ և դարպասցիներ, բոլորիս մաղթում եմ բարի ընտրություններ, մեր ծրագրերի ու անելիքների մասին ավելի մանրամասն կզրուցենք քարոզարշավի ընթացքում: Խաղաղություն ու երջանկություն բոլորիս ընտանիքներում»:

Արկադի Փելեշյան

Նմանատիպ նյութեր