211652_close_icon
views-count1939 դիտում article-date 12:24 04-11-2021

ԵՊՀ-ում իշխանության վերջնական և համապարփակ հաղթանակն ապահովելու են չափից ավելի ընդդիմադիրները․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ hraparak.am կայքում կարդացի, որ իշխանությունը շատ շուտով վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն: Նմանօրինակ վարկածի հիմք է հանդիսանում այն, որ նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի ելքը նախապես որոշված է՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվելու Պապիկյան Սուրենը, իսկ շատ մոտ ապագայում ռեկտոր կընտրվի Հովհաննիսյան Հովհաննեսը:

Համամիտ եմ: Այդպես էլ կլինի: Իշխանությունները փայլուն գործարք իրականացրեցին և, ի վերջո հասնելու են իրենց ուզածին: Ցավով պետք է նշեմ, որ ոմանք, այդ թվում նաև ես, ակամա նպաստեցին ԵՊՀ-ում իշխանության հաղթանակին: Սակայն, այնուամենայնիվ, ԵՊՀ-ում իշխանության վերջնական և համապարփակ հաղթանակն ապահովելու են անձինք, որոնք հանրային դաշտում հականիկոլական, հայաստանդաշինքական և պատիվունեմական են: Մի խոսքով, չափից ավելի ընդդիմադիր են: Անշուշտ, առիթի դեպքում, անուն առ անուն կանդրադառնամ նրանց, սակայն այժմ մեկ այլ կարևոր դիտարկում: 

Ուրեմն, ինչպես ասացի, նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ հականիկոլականները, հայաստանդաշինքականները և պատիվունեմականներն ընտրելու են քպականներին: Երկու օր անց՝ նոյեմբերի 8-ին կայանալու է հակաիշխանական հանրահավաք, որտեղ գտնվելու են (միգուցե նաև հարթակից խոսելու են) նոյեմբերի 6-ի ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի նիստի հականիկոլական, հայաստանդաշինքական և պատիվունեմական մասնակիցները և վերջիններիս հետ սերտորեն փոխկապակցված անձինք:

Նրանք միահամուռ և անխնա քննադատելու են իշխանություններին, Փաշինյան Նիկոլին, Պապիկյան Սուրենին և վերջիններիս հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Կրկնում են՝ առանց բացառության նույն անձինք և 2 օր տարբերությամբ: Ասածիս մեջ այդքան վստահ եմ, որ կարող եմ անգամ հանրահավաքից լուսանկարներ հրապարակել: 

Սա է մեր իրականությունը: Այսքանն իմանալուց հետո, ես ինչպե՞ս հանրահավաքի գնամ և լսեմ ելույթ ունեցողներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր