211652_close_icon
views-count17233 դիտում article-date 20:26 04-11-2021

Երեկ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, հերոս դարձած Սարգիս Նաղդալյանի անմահության տարելիցն էր. այցելուները նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին և կատարեցին խնկարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սարգիս Նաղդալյանը ծնվել է Հրազդան քաղաքում, 1988 թվականի օգոստոսի 8-ին։ Մանկուց եղել է շատ բանիմաց, խելացի և հետաքրքրասեր։ 1995 թվականից սովորել է տեղի Հ. Օրբելու անվան թիվ 13 դպրոցում և գրանցել բարձր առաջադիմություն։ Դպրոցում փայլել է իր գիտելիքներով. մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների և հասել մինչև հանրապետական փուլ ու վերադարձել պատվոգրերով և գովասանագրերով։ Մասնակցել է ֆիզիկայ, մաթեմատիկա, հայոց լեզու, քիմիա, մարդու իրավունք առարկաների օլիմպիադաներին, իսկ, ահա, աշխարհագրություն առարկայի օլիմպիադայում 5-րդ դասարանում մրցել է 7-րդ դասարանի աշակերտների հետ և հանրապետական փուլում ստացել 1-ին տեղի պատվոգիր։

Դպրոցն ավարտել է կարմիր ատեստատով։

Սարգիսը պատանեկան տարիներին հաճախում էր հոկեյի և ֆուտբոլի խմբակների, պաշտում էր շախմատը և շաշկին, անքուն գիշերներ է լուսացրել շախմատ խաղալով։ Դեռ մանուկ հասակից, երբ տարեկից երեխաները խաղում էին դրսում, Սարգիսը խաղը կիսատ էր թողնում և գիրք էր կարդում։ Նրա ամենասիրելի գիրքը «Կնքահայր»-ն էր և Աստվածաշունչը, որը նրա սեղանի գիրքն էր։

2005 թվականին դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքետինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ «Մարքետինգ» մասնագիտությամբ։ Եղել է ուշիմ, համեստ, ընկերասեր, ուսանող։

2009-2011թթ. ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի Ստեփանակերտի «Ցոր» զորամասի կապի վաշտում, որից հետո տեղափոխվել է այլ վաշտ որպես գնդացրորդ։

2012-2018թթ. աշխատել է տարբեր հյուրանոցային համալիրներում որպես ադմինիստրատոր, ինչպես նաև մեկնել է Ռուսաստանի դաշնություն` Սանկտ - Պետերբուրգ, և հայրիկի հետ աշխատել տարբեր շինարարական կազմակերպություններում։

2018թ-ից մինչև պատերազմի սկիզբը աշխատել է Երևանի «The  Alexander» հյուրանոցում։ Որտեղ էլ, որ աշխատել է Սարգիսը, եղել է իր գործի նվիրյալ և մեծ պատասխանատվությամբ է կատարել իր գործը և ընկերական շրջապատում մեծ հարգանքի է արժանացել։
 
Պատերազմ մեկնելուց առաջ online անվճար ընդունվել և սովորում էր հայ-սլավոնական համալսարանի ծրագրավորում բաժնում։

Հերոսը սիրում էր նաև տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել, ինչպես նաև երաժշտություն լսել` հաշվի չառնելով՝ գիշերվա ժամը չո՞րսն է, թե՞ հինգը, թե՞ արդեն առավոտյան ժամը վեցը։ Եվ, իհարկե,  կիթառը...նվագել, լսել, երգել... Եվ անդադար... ուղղակի սիրում էր։ Նույնիսկ Շուշիում պատերազմական իրավիճակում գտավ մի կիթառ, որով նվագեց, կիթառը հասավ մեզ...իսկ նա։ Այսքան հոբիների մեջ առանձնանում էր ստեղծագործելը. սիրում էր Արարատ լեռը պատկերել բոլոր տետրերում և բանաստեղծություններ գրել, անսահման էր նրա մտքի թռիչքը. սիրում էր գրել գիշերային ժամերին։

Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հրազդանի զինկոմիսարիատից զանգհարեցին և հաջորդ օրը Սարգիսին կանչեցին ճակատ։ Որպես պահեստազորային՝ նա զորակոչվեց  «Եղնիկներ», որտեղ մարտնչեց 28 օր, կռվեց, պայքարեց և փրկեց 50 հոգուց ավելի մարդկային կյանք։ Զինակից ընկերները պատմում են, որ անօդաչու սարք է իջել հարևան դիրքի վրա, որից հետո Սարգիսն ասել է. « Տղե՛րք, երկրորդ օդային ուդառը մեր դիրքերի վրա է լինելու, դուրս եկեք խրամատից»  ու 50 հոգուց ավելին լսեցին զինվորի հրամանն ու փրկվեցին։

«Եղնիկներից» հետո կամավոր իջել է Շուշի և ևս  7 օր շարունակ մասնակցել է Շուշի-Քարինտակ-Սղնախ-Ավետարանոց հատվածի թեժ մարտերին, որտեղ փոքրաթիվ ուժերով դիմակայել են հակառակորդի 10 և ավելի անգամ գերազանցող ուժերին։ 
 
Նոյեմբերի 2-ին մարտական հերթական գործողությունն իրականացնելիս Սարգիսը 6 հոգու հետ միասին պայքարել է հակառակորդի 300 հոգանոց խմբի դեմ և կրակն ընդունել է իր վրա, որպեսզի զինակից ընկերները նահանջեն։ Նոյեմբերի 2-ից չունենալով ոչ մի տեղեկություն` 70 օր համարվել է անհայտ կորած։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Օգոստոսի 8-ին` իր ծննդյան օրը, Հրազդանի 13-րդ ավագ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանցի 33-ամյա Սարգիս Նաղդալյանին նվիրված հուշ-միջոցառումը և իր իսկ գրքի շնորհանդեսը...

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում տեղի է ունեցել Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանցի 33-ամյա Սարգիս Նաղդալյանին նվիրված հուշ-միջոցառում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ դահլիճում կնշվեր հերոսի ծննդյան օրը և նրա գրքի շնորհանդեսը, Հրազդանում, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը, տեղի ունեցավ խնկարկում։ Դահլիճում Հրազդանի հոգևոր հովիվ քահանա Տեր Համազասպի կողմից հնչեցված խոսքից ու Տերունական աղոթքից հետո հանդիսատեսին էր ներկայացվել հրազդանցիների համար լեգենդ դարձած հերոս Ս․ Նաղդալյանի կյանքն ու գործունեությունը։  

Ներկայացվել էր նրա՝ «Իմ միջի սերը շատ է» գիրքը։ Միջոցառումն էլ հենց այդպես էլ կոչվում էր։ 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր