211652_close_icon
views-count46884 դիտում article-date 20:18 07-11-2021

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 57-ամյա կնոջը դաժան ծեծի են ենթարկել, ով հիվանդանոցում մահացել է. Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ում հագուստին եղել են արնանման հետքեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Տավուշի մարզի բնակիչ, 57-ամյա Ն.Ռ.-ի մահվան փաստով:
 
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն.Ռ.-ն:
 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Խաչատրյանը:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվածին իր տանը, անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նոյեմբերի 5-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն.Ռ.-ն՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետև Տավուշի մարզում հայտնաբերել են այդ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
 
Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին: Որից հետո 39-ամյա կասկածյալ Գ.Խ.-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացրել են Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրա մոտ հայտնաբերվել է մահացածի տանից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրա առկա են եղել արնանման հետքեր, և ըստ կասկածների, հնարավոր է, դա լինի Ն.Ռ.-ի արյունը:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր