211652_close_icon
views-count1334 դիտում article-date 13:50 09-11-2021

Առաջարկում ենք հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար Գովազդի մասին օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ եկամուտների նոր աղբյուրներ գտնեն․ ՀՌՀ նախագահ

Tert.am-ը գրում է. Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և եթե այստեղ բերվում են 2019-ի տվյալները շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա մեր վերլուծություններով այն 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ որոշ հեռուստառադիոընկերություններում գովազդային մուտքերի՝ շահումով խաղերից ստացվածները կազմում են մինչև 15 տոկոս։

«Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստա և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020-ին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են իրենց հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ՝ երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,-ասաց նա։

Ըստ ՀՌՀ նախագահի՝ օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի հետո խաղի կանոններն այդպես կտրուկ փոխելը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բացասաբար կազդի բովանդակության որակի վրա։

Նրա խոսքով՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները և հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ․ ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր և այլն։ «Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել և պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա՝ նշելով նաև, թե գովազդի մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի, այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։

«Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,-հայտարարեց Տիգրան Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր