211652_close_icon
views-count1911 դիտում article-date 23:03 10-11-2021

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը. ԿԳՄՍՆ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերի՝ ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն շուրջ 11 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 104 հազար երեխաներ ապահովվել են մեկանգամյա առողջ, բալանսավորված սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի բարելավման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածման գործընթացներում։

«2016 թվականից սկսած ՀՀ կառավարությունը նաև ֆինանսական պարտավորություն ստանձնեց ծրագրի իրականացման համար, երբ մեկնարկեց մարզերի փուլային հանձնումը ՊՀԾ-ի դպրոցական սննդի զարգացման ծրագրից ՀՀ կառավարության դպրոցական սննդի ազգային ծրագրին։ Մինչ օրս ծրագրի հետագա ղեկավարումը ՀՀ կառավարությանն է հանձնվել վեց մարզում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Տավուշ, Շիրակ և Արագածոտն: Ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար աշակերտներ պետական բյուջեի շրջանակում օգտվում են ծրագրից»,- նշել է նախարարը` հավելելով, որ այժմ ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավվում են նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները: 2022 թվականին Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցները ևս դպրոցական սննդի ազգային ծրագրի մաս կկազմեն։

Ըստ Վահրամ Դումանյանի` համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում:

Նրա խոսքերով` ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ ծրագրի շրջանակում իրականացվում են նաև դպրոցներում կարողությունների զարգացման դասընթացներ, մասնավորապես` պետական գնումների գործընթացի, սննդի առողջապահական նշանակության, սննդամթերքի անվտանգության, հիգիենայի և գործնական խոհարարության ուղղություններով։ Դասընթացները նախատեսված են դպրոցական ղեկավար անձնակազմի, խոհանոցի աշխատողների և ծնողական համայնքի համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի խոսքերով՝ ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և բազմաթիվ այլ գործընկերների մշտական աջակցության շնորհիվ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրն իր զգալի ենթակառուցվածքային և մարդկային կապիտալի ներդրումներով ստեղծել է ամուր հիմք, որը խթանում է համայնքային զարգացումը, խրախուսում է հասարակության ներգրավվումը, ապահովում է բազմաշերտ կրթություն, ստեղծում է նոր աշխատանքային հնարավորություններ և խթանում առողջ ապրելակերպը:

«Մեր գործընկերների հետ մենք համաձայնեցինք կարևոր մի ռազմավարական մոտեցման շուրջ, որը նախապատրաստում և կերտում է ապագան՝ բազմամյա ներդրումների հանձնառությամբ»,- նշել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը՝ հավելելով, որ ձեռքբերումները վկայում են, որ այս մոտեցումը շոշափելի արդյունքներ է ստեղծում։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս ընդգծել է ծրագրի իրականացման և կատարված ներդրումների անհրաժեշտությունը։ Նա կարևորել է հայ-ռուսական հարաբերությունները` հաստատելով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է աշխատանքային բոլոր ուղղություններով, այդ թվում` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասով։

ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը տեսաուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին։ Նա շնորհավորել է բոլորին կատարված հսկայական աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ` մնացած երկու մարզերը դպրոցական սննդի ազգային ծրագրին փոխանցելու գործում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Լոռու և Գեղարքունիքի փոխմարզպետները։

Միջոցառման ընթացքում մասնակիցները վայելել են Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 և Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կատարմամբ ներկայացումները, մասնակցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկի ցուցադրության համտեսին, ինչպես նաև ծանոթացել Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի` կանանց հզորացմանն ու համայնքի զարգացմանն ուղղված հաջողության պատմությանը: Ներկաները շրջել են նաև ծրագրի շրջանակում հիմնված ջերմոցներում:

Հավելենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի տրանսֆորմատիվ բաղադրիչի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների, ջերմոցների հիմնադրմամբ և արևային կայանների տեղադրմամբ հայաստանյան դպրոցները վերածվում են համայնքների զարգացման և երկարաժամկետ կրթական հարթակների։ Ծրագիրը սննդարար, մաքուր և կանաչ սնուցմանն ուղղված ապագայի համալիր մոտեցում է։

Նմանատիպ նյութեր