211652_close_icon
views-count1037 դիտում article-date 17:08 20-11-2021

Դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Շվեյցարիայից Հայաստան ժամանած դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես է եկել Երևանում: Երաժիշտը ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է: Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչել են Ֆ. Շոպենի  դաշնամուրի կոնցերտ N 2 և Դ. Շոստակովիչի կամերային սիմֆոնիա ստեղծագործությունները:

Համերգն ուղեկցվել է նկարիչ Կարեն Գրիգորյանի նկարների ցուցահանդեսով։ Վերջինս 1989-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է․ թատրոնում ձևավորել է լավագույն ներկայացումները։ Ձևավորել է նաև «Խոր Վիրապ» ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:

Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, որոնցից են Նյու Յորքի Կարնեգի հոլը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը, Վիեննայի Մյուզիքֆերայնը, Լոնդոնի Վիգմոր հոլը, Ցյուրիխի Տոնհալեն և այլն: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Համագործակցել է ամենատարբեր նվագախմբերի հետ, իսկ որպես երաժիշտ ելույթ ունեցել Գոտյե Կապյուսոնի, Մարկ Բուշկովի, Նելսոն Գորների և այլոց հետ: Բացի ակտիվ համերգային գործունեությունից՝ զբաղվում է մանկավարժությամբ:

Նմանատիպ նյութեր