211652_close_icon
views-count1919 դիտում article-date 10:15 26-11-2021

ԵՄ պատժամիջոցները պետք է պատասխան լինեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային․ Մերկել

Եվրամիությունը պետք է պատրաստ լինի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե իրավիճակը սրվի Ուկրաինայի արևելքում և նրա շուրջը կամ Բելառուսի և Լեհաստանի սահմանին, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ելույթ ունենալով Բեռլինում Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ համատեղ մամլո ասուլիսին, Գերմանիայի կառավարության հեռացող ղեկավարն ասել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է միասնություն Բելառուսի կողմից ներգաղթյալներին Լեհաստանի դեմ օգտագործելու և ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքեր տեղակայելու հարցերում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ցանկացած հետագա ագրեսիա թանկ կարժենա»,- ընդգծել է Մերկելը` նշելով, որ խնդրի նախընտրելի լուծումը միշտ պետք է լինի իրավիճակի թուլացումը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան զորավարժություններ են անցկացրել այս շաբաթ այն բանից հետո, երբ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերություններում մի քանի շաբաթ արձանագրվեց լարվածություն։

Միաժամանակ, հազարավոր ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից և աշխարհի այլ տարածաշրջաններից կենտրոնանում են Եվրամիության արևելյան սահմանին, ինչը, ըստ ԵՄ-ի, Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հրահրված ճգնաժամ է։

Լեհաստանը զորքեր և ոստիկաններ է ուղարկել սահման՝ փորձելով կանխել Բելառուսից ներգաղթյալների խմբերի անցումը Լեհաստանի տարածք։ Մորավեցկին ընդգծել է, որ այս կերպ Լեհաստանը պաշտպանում է ԵՄ-ը և, մասնավորապես, Գերմանիային ներգաղթյալների «մեծ ալիքից»։

Լեհաստանի վարչապետի խոսքերով, ԵՄ-ն պետք է դիտարկի Մինսկի դեմ հետագա պատժամիջոցների հարցը։ Նշելով, որ, իր կարծիքով, Լեհաստանն անում է հնարավորը սահմանին հետագա էսկալացիայից խուսափելու համար՝ Մերկելը մտահոգություն է հայտնել այն իրավիճակի առիթով, որում հայտնվել են ներգաղթյալների ԵՄ ու Լեհաստանի սահմանին:

«Մենք շահագրգռված ենք, որ Բելառուսում մարդկանց վերաբերվեն մարդավայել», - ասել է Մերկելը: «Մենք քննարկել ենք նաև սահմանի լեհական կողմում հումանիտար իրավիճակը»,- հավելել է նա։

Լեհաստանը սպառնացել է Բելառուսին հետագա տնտեսական պատժամիջոցներով և սահմանների փակմամբ բոլոր բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի համար, մինչդեռ հազարավոր ներգաղթյալներ շարունակում են փորձել հատել սահմանը:

Լեհ սահմանապահները տեսանյութ են հրապարակել, որն, ըստ նրանց, նկարահանվել է երեքշաբթի երեկոյան: Այն ենթադրաբար ցույց է տալիս բելառուսական անվտանգության ուժերի ներկայացուցիչներին սահմանի վնասված ցանկապատի մոտ։ Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ով է վնասել ցանկապատը և արդյոք ներգաղթյալները հատել են Լեհաստանի սահմանը։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ Եվրոպան պատրաստ է ավելի կոշտ արձագանք տալ այս քաղաքական ճգնաժամին, որը, ըստ նրա, հրահրել է Բելառուսը՝ անմեղ մարդկանց օգտագործելով որպես կենդանի վահան։

«Մենք ցանկանում ենք թուլացնել այս լարվածությունը, բայց եթե բելառուսական կողմից լինի սրացում, մենք, ցավոք, պատրաստ ենք բարձրանալ «էսկալացիոն այս սանդուղքով»։ Դրանք կարող են լինել, օրինակ, տնտեսական պատժամիջոցներ, սահմանների փակում, բեռնափոխադրումների և երկաթուղային տրանսպորտի համար սահմանային անցումների փակում»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին:

Եվրամիությունը մեղադրում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին Մերձավոր Արևելքից հազարավոր մարդկանց կանխամտածված Բելառուս տեղափոխելու մեջ, որպեսզի նրանք հետագայում փորձեն անօրինական հատեն ԵՄ անդամ երկրներ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմանը։ Բրյուսելը վստահ է, որ այսպիսով Լուկաշենկոն վրեժխնդիր է լինում Արևմուտքից պատժամիջոցների համար։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հերքում է միգրացիոն ճգնաժամ հրահրելու մեղադրանքները՝ մեղադրելով ԵՄ-ը Մինսկի հետ երկխոսություն վարելու անկարողության մեջ և ընդգծում, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել զինված հակամարտության։

Նմանատիպ նյութեր