211652_close_icon
views-count34423 դիտում article-date 21:56 29-11-2021

Արտակարգ դեպք Երևանում. Հայաստանի յոգայի ֆեդերացիայում թալանել են ԱՄՆ-ից ժամանած յոգայի ճանաչված մասնագետին. նրան պատճառել են մոտ 50 հազար դոլարի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը  հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի  յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Վարդանյանի հարազատը, ում անունը այս պահին չենք հրապարակում, ասում էր. «Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի  25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում: Մոտավորապես ժամը 20:30-ից  21:30-ն ընկած ժանանակահատվածում  ֆեդերացիայում գողացել են Գևորգի ուսապարկը,  որի մեջ եղել են  իր և ընտանիքի ոսկյա զարդերը, 2 հատ տղամարդու և կանացի մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է  մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:

 Գողը կամ գողերը Գևորգից գողացել են նաև նրա աղջկա ՀՀ անձնագիրը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում նրա կողմից նոր գնված տան սեփականության վկայականն ու կադաստրի թղթերը:

Ուսապարկում եղել է նաև 1000  ԱՄՆ դոլար և այլ անձնական իրեր:

 Կատարվածից կաճ ժամանակ՝  մոտ 5-10  րոպե անց,  Գևորգը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ մանրամասն բացատրություն է գրել տեղի ունեցածի վերաբերյալ:

 Արդեն բացատրություն գրելուց հետո ոստիկանության  2 ծառայողների հետ միասին եկել են գողության վայր՝ Հայաստանի  յոգայի ֆեդերացիա, որտեղ իրավապահները կատարել են դեպքի վայրի տեղազննում:

Ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Գևորգին համարել են որպես տուժող ու այդքանով կարծես կենտրոնի ոստիկանները համարել են իրենց գործն ավարտված, մինչդեռ նրանց հուշել, իսկ հետո խնդրել ենք, որ այդ հատվածներում կան տեսախցիկներ: Եթե կարճ ժամանակում տեսախցիների վերծանումները վերցնեն, համոզված ենք, որ գողը կամ գողերը կհայտնաբերվեն: Սակայն մինչև օրս  տեղեկություն չունենք, թե արդյոք վերցվել են վերծանումները, թե ոչ:

Դեպքից վիրավորված Գևորգը նոյեմբերի 26-ի լուսաբացին մեկնել է ԱՄՆ»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են, հույս ունենալով, որ  նաև դրա շնորհիվ կբացահայտվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայում կատարված գողությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր