211652_close_icon
views-count2025 դիտում article-date 11:06 30-11-2021

Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանն՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

«Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է բանեցվում, ու դա արվում խորհրդարանի միջոցով: Որպես ժողովրդավարական քաղաքականություն ունեցող երկիր, ակնկալվում է, որ կառավարությունը պետք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եվ երբ առկա է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է»,-ասաց Հաjկ Գայսերյանը:

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց, որ հույների ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիվ աշխատանքն ինչպես Սենատի, այնպես էլ գործադիրի ուղղությամբ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թվականի ցեղասպանությունը և համապատասխան կոչերով հանդես եկել:

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝  ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Նմանատիպ նյութեր