211652_close_icon
views-count2517 դիտում article-date 14:33 02-12-2021

Մինչև 2024 թվականի ավարտը կանցնենք կառուցապատման թույլտվությունների ստացման էլեկտրոնային եղանակի․ Արմեն Ղուլարյան

Ներկայումս կառուցապատման թույլտվության էլեկտրոնային ամակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցում ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի օրակարգի 2 զեկուցվող հարցերից մեկը ներկայացնելիս ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ղուլարյանի զեկուցած նախագծով նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կատարել միայն էլեկտրոնային դիմելու և տրամադրման համակարգին, սակայն՝ փուլերով, մինչև 2024 թ-ն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ առաջնային փուլում 2022 թ. հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:

Նրա խոսքով՝ այդ համայնքներում կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային մեկ պատուհան, որը հնարավորություն կտա մի կողմից՝ ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից էլ առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատման ժամկետները, կխնայվի ժամանակը և ռեսուրսները:

Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ համակարգը հնարավորություն կտա իրականացնելու գործընթացների մոնիթորինգ:

Նմանատիպ նյութեր