211652_close_icon
views-count3052 դիտում article-date 10:08 04-12-2021

Կիևը զորավարժություններ է անցկացնում Ղրիմի մոտ․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի զինված ուժերը հրետանային զորավարժություններ են անցկացրել Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմի սահմանների մոտ, դեկտեմբերի 1-ին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են զինծառայողները տեղադրում և օգտագործում հաուբիցային համակարգեր։ Դրա մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Ռուսաստանը ուժեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ Կիևը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտահոգություն են հայտնել ռուսական հնարավոր հարձակման վերաբերյալ: Կրեմլը, սակայն, հերքում է այդ տեղեկությունը՝ այն որակելով կեղծիք:

Ուկրաինական զորքերը պատեարզմական վիճակում են Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականների դեմ արևելյան Ուկրաինայում: Հակամարտությունը, ըստ Կիևի, 2014 թվականից ի վեր խլել է 14,000 մարդու կյանք:

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հինգշաբթի դեկտեմբերի 2-ին ասել է, որ Ուկրաինան ոչ մի կերպ սպառնալիք չի հանդիսանում ՌԴ-ին կամ չի ձգտում առճակատման, որը կարող է արդարացնել ռուսական ռազմական միջամտությունը:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բլինքենն ասել է, որ Ռուսաստանը տեղյակ է Ուկրաինայի դեմ գործողությունների հնարավոր հետևանքների մասին և զգուշացրել, որ նման զարգացումները կունենան ծանր հետևանքներ։

Բլինքենը նախազգուշացումը փոխանցեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է վճռական պատասխան տալ, այդ թվում՝ խիստ պատժամիջոցներով, ռուսական հարձակման դեպքում:

«Ճգնաժամից խուսափելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, և դա այն է, ինչ ես անհամբեր սպասում եմ քննարկել Սերգեյի հետ»,- Լավրովի հետ բանակցություններ սկսելուց առաջ լրագրողներին ասել է Բլինքենը:

Ըստ Բլինքենի՝ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ամբողջությամբ կատարեն իրենց պարտավորությունները 2014 թվականի Մինսկի խաղաղ գործընթացի շրջանակներում, որը կոչված է դադարեցնել պատերազմը ռուսամետ անջատողականների և ուկրաինական կառավարական ուժերի միջև Ուկրաինայի արևելքում:

Ավելի վաղ Լավրովը Բլինքենին ասել էր, որ Մոսկվան կպատասխանի, եթե Ուկրաինան ներքաշվի ԱՄՆ-ի «աշխարհաքաղաքական խաղի» մեջ:

Նմանատիպ նյութեր