211652_close_icon
views-count2196 դիտում article-date 09:45 25-11-2021

Ուկրաինան և Ռուսաստանը միաժամանակ անցկացնում են զորավարժություններ․ «Ամերիկայի ձայն»

Զորավարժությունները տեղի են ունեցել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ Կիևում աճող անհանգստության պայմաններում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինան ռազմաօդային ուժերի զորավարժություններ է անցկացրել երկրի հարավում գտնվող ուսումնավարժարաններում, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ Սու-24Մ և Սու-25 ինքնաթիռները, ՄիԳ-29 և Սու-27 կործանիչների օգնությամբ ավիահարվածներ են մոդելավորել և խոցել օդային և ցամաքային թիրախները, որոնք, ըստ զորավարժությունների պլանի, գտնվում են պայմանականորեն Սեւ ծովում։

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել՝ կապված իր սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի հետ, որն, ըստ Կիևի, կարող է հանգեցնել ռազմական կտրուկ էսկալացիայի։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ևս զորավարժություններ է անցկացրել Սև ծովում՝ մոտ տասը ինքնաթիռների և մի քանի նավերի մասնակցությամբ, չորեքշաբթի հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Սևծովյան նավատորմը:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է հնարավոր «արտակարգ իրավիճակներին»: Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները պատրաստվում են «մի շարք անկանխատեսելի զարգացումների». Արևմուտքը մտահոգված է Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակի և ՌԴ-ի հնարավոր ագրեսիվ գործողությունների առիթով:

«Մենք ցույց ենք տվել, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել մի շարք գործիքներ՝ արձագանքելու Ռուսաստանի վնասակար գործողություններին, և մենք չենք վարանի ապագայում օգտագործել այս և այլ գործիքներ», - «Ամերիկայի ձայնին» ասել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը։

«Մենք կոչ ենք անում Մոսկվային թուլացնել լարվածությունը»,- հավելել է նա։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը խորհրդակցում է եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի հետ։

«Մենք փոխանակում ենք տեղեկատվություն, հետախուզական տեղեկատվություն։ Մենք պատրաստ ենք և պատրաստվում ենք մի շարք անկանխատեսելի զարգացումների»,- ասաց նա՝ ընթացող բանակցությունները որակելով «մանրամասն»։

Նմանատիպ նյութեր