211652_close_icon
views-count2054 դիտում article-date 17:37 08-12-2021

Արդարադատության նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարն առաջին հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտի, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացի մանրամասները։

Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը։ Գալագերին անդրադարձել է  անաչառ և թափանցիկ ՏԻՄ ընտրությունների անցկացմանն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարության ամրապնդմանը։

Դեսպանը  ներկայացրել է Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ոլորտում իրականացված գործողություններին։

Նախարար Կարեն Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել  էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Արդարադատության նախարարն  անդրադարձել է նաև կառավարության ծրագրով ամրագրված «Զանգվածային լրատվության մասին» օրենսդրության բարեփոխումներին, որոնց շրջանակներում նախատեսվում է լրագրողական հանրույթի և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների կազմակերպում` «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենսդրության մշակման նպատակով` ուղղված ոլորտի համապարփակ կարգավորմանը, լրագրողական էթիկայի կանոնների սահմանմանը և դրանց նկատմամբ վերահսկողության գործիքների ներդրմանը։ Այս ոլորտում նախարարը կարևորել է նաև  Մեծ Բրիտանիայի ունեցած փորձառությունը։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագրերը՝  ընդգծելով ոլորտում Մեծ Բրիտանիայի ունեցած առաջատար փորձառությունը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն  են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը: 

Նմանատիպ նյութեր