211652_close_icon
views-count1297 դիտում article-date 09:46 10-12-2021

Ժողովրդավարությանն առաջամարտիկներ են պետք․ Ջո Բայդեն․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը կատարեց Ժողովրդավարության առցանց գագաթաժողովի պաշտոնական բացումը: Գագաթաժողովին են մասնակցում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածին ներկայացնող հրավիրյալներ՝ «կազմելու համար ժողովրդավարական նորացման օրակարգ և կոլեկտիվ գործողությունների միջոցով դիմակայելու ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքներին»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ժողովրդավարությանն առաջամարտիկներ են պետք, և այդ պատճառով ես որոշեցի հյուրընկալել այս գագաթաժողովը»,- ասել է Բայդենը իր բացման խոսքում:

Գագաթաժողովը, որը շարունակվելու է նաեւ ուրբաթ օրը, Բայդենի նախընտրական խոստման մի մասն է՝ ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում այն ժամանակ, երբ ավտորիտար կառավարությունները վերելք են ապրում:

Գագաթաժողովի նպատակներն են` ամրապնդել ժողովրդավարությունը, պաշտպանվել ավտորիտարիզմից, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել մարդու իրավունքները:

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սթիվեն Ֆելդշտեյնը ասում է, որ հանդիպումը «ցույց է տալիս [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի դիրքերի նկատմամբ բավականին նշանակալի տարբերություն, ինչը, ասում է նա, չափազանց կարեւոր է:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ուսումնասիրությունների և վերլուծությունների գծով փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերը նույնպես նման կարծիք ունի:

«Մոբիլիզացիան և իրազեկումը և հավաքական մտքի կենտրոնացումը ժողովրդավարության այս կարևոր խնդիրների վրա արդեն իսկ վարչակազմի կողմից ձեռնարկված շատ բարեբեր քայլ է», - ասում է նա:

Բայդենը նախատեսում է մոտ մեկ տարի անց անցկացնել անձնական մասնակցությամբ գագաթաժողով՝ «ձեռք բերված առաջընթացը գնահատելու և աշխատանքներն առաջ տանելու համար:

Բայդենն իր խոսքում հինգշաբթի օրը չհիշատակեց նախկին նախագահին, ոչ էլ խոսեց Կոնգրեսի շենքի դեմ իրականացված հարձակման մասին: Նա հայտարարեց պարզապես, որ ամերիկյան ժողովրդավարությունը շարունակական պայքար է «բարձրագույն իդեալներին համապատասխանելու և պառակտումները բուժելու համար»:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարեց 424,4 միլիոն դոլար կազմող Ժողովրդավարական նորացման նախագահական նախաձեռնության ստեղծման մասին, որը դեռեւս պիտի հաստատվի Կոնգրեսի կողմից:

Նախաձեռնությունները ներառում են անկախ ԶԼՄ-ներին աջակցելու, հակակոռուպցիոն ջանքերի, բարեփոխիչների, արհմիությունների և մարգինալացված խմբերի հզորացմանը, ժողովրդավարությանն աջակցող տեխնոլոգիաների առաջխաղացմանը և ազատ ու արդար ընտրությունների պաշտպանությանը:

Ասենք, որ գագաթաժողովին մասնակցելու հրավեր են ստացել աշխարհի ավելի քան 100 երկրների առաջնորդներ, որոնց թվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանն այս գագաթաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել:

Գագաթաժողովի մասնակից երկրները հայտարարելու են կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ավտորիտար շարժումներին հետ մղելու գործում նոր պարտավորությունների մասին:

Հայաստանի վարչապետը ելույթով հանդես է գալու գագաթաժողովի երկրորդ օրը` դեկտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր