211652_close_icon
views-count5486 դիտում article-date 11:24 27-02-2021

Ղրիմը՝ Ուկրաինա է․ Բայդեն․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի քաղաքական գործիչները հայտարարություններ են տարածում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կապակցությամբ։ Հաղոդրում է «Ամերիկայի ձայնը»։

Ուրբաթ առավոտյան Սպիտակ տունը հայտարարություն է տարածել նախագահ Ջո Բայդենի կողմից՝ անկախ Ուկրաինա տարածք Ռուսաստանի ապօրինի ներխուժման 7-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ յոթ տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունը ներխուժել է Ղրիմի թերակղզի և այսպիսով «խախտել միջազգային իրավունքը, այն նորմերը, որոնցով ժամանակակից երկրները փոխգործակցում են միմյանց հետ, ինչպես նաև հարևան Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ուկրաինային, նրա դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես դա արել է այս հակամարտության բռնկումից ի վեր: Հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը վերահաստատել է՝ «Ղրիմը՝ Ուկրաինա է»:

Այստեղ նշվում է նաև, որ Միացյալ Նահանգներն այս բոլոր տարիներին չի ճանաչել «և երբեք չի ճանաչի» թերակղզու բռնակցման փորձը ՌԴ-ի կողմից և վերահաստատել իր պատրաստակամությունը Ուկրաինայի հետ միասին աշխատել՝ Կրեմլի ագրեսիվ նկրտումներին դիմակայելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի պատճառով:

«Միացյալ Նահանգները շարունակում են հավատալ Ուկրաինայի ներուժին, և մենք աջակցում ենք յուրաքանչյուրին, ով ձգտում է դեպի իր երկրի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի»,- եզրափակում է նախագահի հայտարարությունը:

Ղրիմի բռնակցման 7-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկան նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կիբերտարածության ենթակոմիտեի ղեկավարներ Բիլ Քիթինգը և Բրայան Ֆիցպատրիկը: Նրանք նշել են, որ չնայած ագրեսորների կողմից ահաբեկումներին և ճնշումներին, ինչպես Ղրիմում բնակվող ուկրաինացիները, այնպես էլ նրանք, ովքեր ստիպված են եղել լքել թերակղզին, շարունակում են դիմակայել Ղրիմի օկուպացիային և պայքարել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար:

Ըստ նրանց՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի ապօրինի օկուպացիան և թերակղզու ռազմականացումը միտված է եվրոպական մայրցամաքի ապակայունացմանը, որով փորձ է արվում շեղել ուշադրությունը Ռուսաստանի առջև ծառացած խնդիրներից: Նրանք ընդգծեցին, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է շարունակի կանգնել Ուկրաինայի կողքին և դատապարտի Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները:

Քանի դեռ Ռուսաստանը չի վերադարձրել Ղրիմը և դուրս չի բերել իր զորքերը Դոնբասից, կոնգրեսականները խոստանում են աջակցել պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ նրանց, ովքեր մասնակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը:

Նմանատիպ նյութեր