211652_close_icon
views-count1373 դիտում article-date 15:44 17-12-2021

Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու, թե ինչ կարևոր գործունեություն են ծավալում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Փոխնախարարի խոսքով՝ մրցույթը նաև լավ հնարավորություն է ուսանողների աշխատանքները տեսանելի դարձնելու առումով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում՝ Հայաստանի արդյունքները համադրելի դարձնելով այլ երկրների հետ:

«Վստահ եմ, որ այս մրցույթից հետո ուսանողներն ավելի մեծ ոգևորությամբ ու ջանքերով են շարունակելու սովորել, քանի որ այն ուղիղ ճանապարհ է՝ համալրելու այն կարևոր մասնագետների շարքը, որոնց կարիքն ունի մեր երկիրը: Այս մրցանակները միայն առաջինն են ուսանողների հաջողության մեծ ճանապարհին: Ցուցադրությունը նաև փաստում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կարճաժամկետ ծրագրերի ընթացքում ստացված արդյունքների կարևորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ուսհաստատությունների մանկավարժներին և ուսանողներին կատարված մեծ աշխատանքի համար: Նա նաև առաջարկել է քննարկել հաջորդ տարիներին դպրոցներին ևս այս միջոցառմանը մասնակից դարձնելու հնարավորությունը, քանի որ այն, ըստ փոխնախարարի, մասնագիտական կողմնորոշման շատ լավ դաշտ կարող է դառնալ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը:

Ողջույնի խոսքերից հետո տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ոսկերչությունից ոսկե մեդալի է արժանացել Գյումրիի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Վարդան Գալստյանը, նորաձևության տեխնոլոգիայից՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողուհի Աննա Բադալյանը, խոհարարությունից՝ Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ուսանողուհի Գայանե Սիմոնյանը, մեխատրոնիկայից՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Գոռ Դիլանյանը, վեբ տեխնոլոգիաներից՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Մելքոն Հովհաննիսյանը, իսկ ՏՏ ցանցային համակարգի կառավարումից՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Սամվել Հակոբյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների և վկայականների, իսկ դրա կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են մրցույթի լավագույն գործընկերները՝ Երևանի ‹‹ԳՆՈՄՈՆ›› ոսկերչական գործարանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, Երևանի ինֆորմատիկայի, Երևանի թեթև արդյունաբերության, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջները, «ԻՖԵՊ» և «Ֆիչըր» ընկերությունները:

Նշենք, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախընտրական փուլին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 92 ուսանողներ: Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 37 մասնակիցներ, որոնք իրենց վարպետությունն են ցուցադրել վեց հմտությունների գծով՝ «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» և «ՏՏ ցանցային համակարգի կառավարում»:

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները կմասնակցեն 2022 թվականին Շանհայում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներն արդեն 4-րդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և իրենց հմտություններով մրցակցելու 85 անդամ երկրների ուսանողների հետ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր