211652_close_icon
views-count1678 դիտում article-date 22:17 17-12-2021

Իրավիճակից միակ ելքը կուսակցությունների եւ հասարակական ուժերի միավորումն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հանրապետությունում հասարարական, քաղաքական իրավիճակն օր օրի է սրվում. պատճառը ոչ միայն Արցախյան 44-օրյա ամոթալի պատերազմն է, թշնամու նկատմամբ կիրառվող պարտվողական, անվերջ զիջումների քաղաքականությունը, այլև իրավական ամենաթողությունը, որը ներսից քայքայում է երկիրը, ստեղծում հուսահատության ու անելանելության մթնոլորտ: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ հարկավ եղել են դեպքեր, երբ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերը կասկած են հարուցել, միանշանակ չեն ընկալվել հասարակության կողմից, իրականացված քրեական հետապնդումները դիտվել են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող պատվերներ, առաջացրել հասարակության դժգոհությունը: Նման իրավիճակում իրավապահ մարմինները, այդ թվում ԱԱԾ-ն հնարավորինս ջանք են գործադրել ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերելու,  անձի մեղավորությունը հանրությանը և դատարանին փաստարկված, համոզիչ ու հանրամատչելի ներկայացնելու համար կամ հրաժարվել են քրեական հետապնդումից:

Այսօր հանրապետությունում միանգամայն այլ իրավիճակ է: Իր նպատակներին հասնելու համար իշխող քաղաքական ուժը դիմում է ռեպրեսիվ գործողությունների, ամեն կերպ ճնշում է այլակարծությունը, իրավապահներն առանձին դեպքերում գործում են կամայական, չփաստարկված, իսկ դատարաններն անհիմն այդ գործողությունների արդյունքում  համատարած կալանավորվում են բոլոր նրանց, ովքեր հակադրվում են իշխանության կամքին:

Երկրում փաստացի հաստատվում է բռնապետություն իր բոլոր բաղկացուցիչներով /ուզուրպացվել են դատարանները, իրավապահ մարմինները, բանակը, տեղական ինքնակառավարման մարմինները, դպրոցները, բուհերը, մշակությաին օջախները․․․/: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը չեն թակի իր դուռն ու անհիմն կալանավորի: Զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում, մինչդեռ, մինչ հեղափոխությունը, անձի իրավունքի յուրաքանչյուր առերևույթ խախտման դեպք խստագույնս դատապարտվում էր` զգունության ու պատասխանատվության կոչ դառնալով իրավապահ մարմինների համար:

Հաստատվող բռնատիրության կողքին շատ ավելի տագնապալի է, որ առանց հայկական աշխարհի ու մեր դաշնակից երկրների շահը հաշվի առնելու, անվերջ զիջումների գնալով` Հայաստանը տարվում է թուրքացման` կործանարար հարվածի տակ դնելով մեր ազգային ինքնությունն ու լինելությունը, պետականության գոյությունը:

Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, հակասությունները մի կողմ թողնելով,  քաղաքական  կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների, անհատների /անկախ մասնագիտությունից, ներկայացրած ոլորտից/ միավորվելն է երկրիրն ու հայ մարդուն պատուհասած արհավիրքը չեզոքացնելու համար»,- նշված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր