211652_close_icon
views-count2131 դիտում article-date 22:47 24-12-2021

Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մեր հավաքականները պատրաստ են մրցաշարին

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը լիահույս է՝ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես կգան տարեվերջյան ստուգատեսում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստներն են մասնակցելու.

«Դժվար է ասել՝ լավագույն եռյակում տեղ կզբաղեցնենք, թե ոչ. ամեն դեպքում հուսով եմ՝ մեր շախմատիստները հաջող ելույթներ կունենան»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Ի դեպ, Մարիա Գևորգյանն օրերս հաղթող է դարձել Աբու-Դաբիում անցկացված արագ և կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարն անցկացվել է երկու՝ Վարպետների և Բաց խմբերով: Մարիան մասնակցել է Բաց մրցաշարին. «Բլից մրցաշարին ավելի քան 100 շախմատիստ էր մասնակցում աշխարհի տարբեր անկյուններից: Հեշտ չէր մրցակցության առումով, բայց կարողացա հաղթել թե՛ բլից, թե՛ արագ շախմատի մրցաշարերում»:

Վարպետների մրցաշարերին Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։

Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները:

Նմանատիպ նյութեր