211652_close_icon
views-count1625 դիտում article-date 23:24 04-01-2022

Տասնյակ անձինք դարձել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Հիմնավորվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև 40 անձանց անվամբ լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով այդ հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Ապա այդ հաշիվներով, նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ գումարը, որը փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ, վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն  աջակցելու, բոնուսներ տրամադրելու պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել է իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ, որից հետո՝ դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ բանկում, վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5մլն ՀՀ դրամ գումարը, որը ևս  փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Վ.Ք.-ն, նաև 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» պայմանական անվամբ անհատական էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու անհատական էջին և իրականությունը խեղաթյուրելով՝ Covid-19 համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել է քաղաքացու անվամբ ձևակերպված վարկային պայմանագրով հաստատված և իր կողմից կառավարվող «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և ըստ էության քննելու համար քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ դատախազությունը, հաշվի առնելով, որ քննչական մարմինների վարույթում քիչ չեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նույնատիպ մեխանիզմներով կատարվող հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերը՝ քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյեկտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներն ընդունելուց:

Դատախազությունը հորդորում է նման հանցագործության ծուղակում հայտնվելու կասկածներ ունենալու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր