211652_close_icon
views-count1344 դիտում article-date 15:32 13-01-2022

Չի կարող մի դատավորը 25%-ից ավել գործեր ստանալ, քան մյուս դատավորները, սա ուղղակիորեն առնչվում է դատավորների անաչառությանը և անկախությանը. դատավոր Արշակ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Դատավորների համար միևնույն է, թե իրենց ինչ գործ կմակագրվի, դատավորի պարտականությունն է այդ գործը քննել և դրան օբյեկտիվ լուծում տալ, ըստ էության՝ մակագրումը դատավորների հարցը չէ, այլ անձի իրավունքների խնդիր է, որ անձը լիարժեքորեն օգտվի արդար դատաքննության իրավունքից։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը  ասաց դատավոր Արշակ Վարդանյանը։

«Դատարանում քննչական գործողություն կատարելուց առաջ ԲԴԽ-ն պետք է պաշտոնապես իրազեկվի, մեր պատկերացմամբ՝ այս իրազեկումը ձևական չէ։ Այս իրազեկումը ենթադրում է, որ համապատասխան սահմանադրական մարմինը պետք է խնդիրները ուսումնասիրի, հասկանա, թե ինչ է կատարվում»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ եթե մեկ օր առաջ հարուցված կոնկրետ քրեական գործով գալիս են և տեղեկացնում եմ առգրավման մասին, այստեղ թափանցիկության և իրազեկման խնդիր է առաջանում։

«Դատավարական օրենսգիրքը հստակ կանոնակարգել է, որ այն պարագայում, երբ անհաղթահարելի ուժ է ծագել, մակագրությունը պետք է կատարվի պատահականության սկզբունքով, ազգանունների այբբենական հերթականությամբ և հավասարաչափության սկզբունքի պահպանման։ Մենք դատավորներով զգացել ենք հավասարաչափության սկզբունքի խախտումներ։ Չի կարող մի դատավորը, ով նվազեցման սկզբունքներից չի օգտվում, 25%-ից ավելի գործ ստանալ, քան մյուս դատավորը։ Մենք նկատել ենք հավասարաչափ բաշխվածության խնդիրը և մեր հայտարարության մեջ էլ անդրադարձել ենք դրան,-ասաց նա»։

Դատավոր Վարդանյանն ընդգծեց, որ փաստաբանական համայնքը արձանագրել է այլ խախտումներ ևս. «Խոսքը այբբենական մակագրման կանոնի խախտման մասին է։ ՄԻՊ-ը օրինակներով, մանրակրկիտ այս խնդրին անդրադարձել է։ Դատավորների ընտրության հարցը ուղղակիորեն առնչվում է դատավորների անկախությանը և անաչառությանը։ Այս պայմաններում արդյո՞ք դատական իշխանության անկախությունը երաշխավորվում է։ Այս ամեն ինչը բավականին հանգամանորեն ներկայացրել ենք մեր հայտարարության մեջ»:

Վարդանյանը նշեց՝ ԲԴԽ-ն համապատասխան որոշում ունի, որով անդրադարձել է այս հարցերին և կարգավորել է համակարգչային ծրագրով գործերի մակագրման գործընթացը, բայց սա կոնկրետ իրավիճակին վերաբերելի չէ, որովհետև, ըստ նրա՝ այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հնարավոր է ինչ-որ քննչական գործողությունով համակարգչային ծրագիրը առգրավվի։

«ԲԴԽ կարգավորումները ավելի շատ վերաբերում են մասնագիտացման, ծանրաբեռնվածության հարցերին։ Այս հարցին լուծում տրված չէ։ Միգուցե մինչև առգրավումը թույլատրելը կարելի էր ստանալ որոշակի պարզաբանումներ այս մասով, նոր անցնել երկրորդ փուլին»,- ասաց դատավոր Արշակ Վարդանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր