211652_close_icon
views-count1627 դիտում article-date 10:31 21-01-2022

«Աննախադեպ» ԱԺ, «աննախադեպ» ընտրողներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «Բրեժնեւյան շրջանում մի անեկդոտ կար, որը խորհրդային եւ ամերիկացի քարոզիչների երկխոսություն էր: Ամերիկացին խոսում է քաղաքական հետապնդումների, մարազմի մեջ գտնվող Քաղբյուրոյի, երշիկի հերթերի մասին եւ այլն: Բոլոր մեղադրանքներին կոմունիստական գաղափարախոսի պատասխանն էր՝ «իսկ ձեզ մոտ նեգրերին են սպանում»:

Պարզ է, որ խնդրի հետ կապ չունեցող «հակափաստարկը» հռետորական հայտնի հնարք է, բայց երբեմն այն զավեշտի է վերածվում:

Պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցնում է վարչապետին՝ պատրա՞ստ է նա արդյոք ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել, որ Արցախը հայկական հող է: Դա էր հարցի իմաստը, չի կարելի ասել, որ այդ հարցը տեղին չէր. Փաշինյանի դեկտեմբերի 24-ի հարցազրույցից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ, ըստ վարչապետի, բացի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց, ուրիշ այլ տարբերակ չկա: Վարչապետը, փոխանակ պատասխանի այդ հարցին, ակնարկում է ԵՊՀ «ֆակուլտետներից մեկում» կաշառակերության մասին:

Բանավեճի այդ ոճն ինձ հոգեհարազատ չէ անգամ լրագրության, հրապարակախոսության մեջ, իսկ քաղաքական գործիչներին, առավել եւս՝ պետության առաջին դեմքին, դա, մեղմ ասած, հարիր չէ: 

Բայց նման մանր, անմակարդակ, անբովանդակ բանավեճը հատուկ է Ազգային ժողովի այս կազմին: Ընդդիմադիր պատգամավորը ԱԳ նախարարին դիմելուց օգտագործում է «Օմեգա» ծածկանունը՝ Արարատ Միրզոյանին վիրավորելու համար, վերջինս էլ հակադարձում է «Նարիմանով» ծածկանունով՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին: Հարցի եւ պատասխանի բովանդակության հետ դա որեւէ կապ չուներ:

ՔՊ-ական պատգամավորն իր փաստարկները կառուցում է ընդդիմադիր պատգամավորի ազգանվան վրա՝ Ստամբուլյան: Ընդ որում, Երեւան-Ստամբուլ չվերթը երկու կողմերից ընկալվում է որպես «կոմպրոմատ»՝ չնայած այն բացվել էր 1995 թվականին եւ ընդհատվել էր 2019-ին. հուսով եմ, կվերաբացվի՝ դրա մեջ ոչ մի «ապազգային» բան չկա:

Նման՝ սարսափելի ցածր, պրիմիտիվ մտավոր մակարդակն իսկապես «աննախադեպ է» հայկական պառլամենտարիզմի 30 տարվա պատմության մեջ: Եվ ես դրան այլ բացատրություն չունեմ, քան մեր ընտրողների համապատասխան մակարդակը: Պատգամավորներն անում են այն, ինչ իրենցից սպասում են ընտրողները: Նրանք շատ ուրախանում են, յոթերորդ երկնքում են հայտնվում, երբ, ասենք, վարչապետը, ըստ էության, չպատասխանելով հարցերին, անում է այն, ինչն իր մոտ լավ է ստացվում՝ որեւէ ընդդիմադրի «շշում է»: «Բա ճիշտ ա անում, սրանք ո՞վ դառան, որ հարց տան, 30 տարի էս երկիրը թալանել են»,- էքստազի մեջ է ընկնում «ժողովուրդը»: Նույնպիսի հրճվանք են ապրում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողները, երբ նրանք լսում են կամ կարդում են «Օմեգա Արո» արտահայտությունը:

Այնպես որ՝ ամեն ինչ տեղի է ունենում ժողովրդավարական նորմերին համապատասխան: Մինչեւ չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաեւ խորհրդարանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր