211652_close_icon
views-count1428 դիտում article-date 18:05 24-01-2022

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ:

Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք, դրանք վերաբերում են մեր պետականության հիմնադրույթներին, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ու նախագահի սահմանադրական իրավասություններին: Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ:

Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այս հանգամանքը պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա պահպանման հնարավորությունը, ինչպես նաև գործող կառավարման համակարգի պայմաններում նախագահական ինստիտուտին վերապահված իրավասությունների հստակեցումն ու դրանց անհրաժեշտության ու կարևորության ընդգծումը:

Նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող սահմանադրության պայմաններում Հանրապետության նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար:

Այս սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչն ամբողջապես նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:

Այս պայմաններում մեկ անգամ ևս ընդգծում ենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակագի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արմատապես փոխվելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։

Այնուամենայնիվ, մինչև հնարավոր սահմանադրական փոփոխություններին հասնելը, «Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, գործող սահմանադրության իրավակարգավորումների համատեքստում Հանրապետության նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի մեր ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող, Հայաստանի քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում հնարավորինս արժանապատվորեն ներկայացնելուն ունակ, քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների հետ աշխատելուն պատրաստ, պրոֆեսիոնալ, ինչպես նաև իր սահմանադրական իրավասություններն ամբողջությամբ ու բովանդակային առումով իրացնելու վճռականությամբ պատրաստ անձ:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Նմանատիպ նյութեր