211652_close_icon
views-count25229 դիտում article-date 22:23 27-01-2022

Ձեզ բացակա չենք դնի. Շիրակի մարզի Արևշատ գյուղում հարգանքի տուրք մատուցվեց արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած զոհված հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղում՝ Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցվեց  արցախյան 44-օրյա  պատերազմում զոհվածների հիշատակին: Ցավոք, հուշարձանի վրա վերջերս անմահացավ նաև Ռաֆիկ Արամի Հովսեփյանի անունը։

Արարողությանը ներկա էին Արթիկ համայնքի համայնքապետ Անանիկ Ոսանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, զոհվածների ծնողները, հարազատներն ու համագյուղացիները, Արևշատ գյուղի դպրոցի հանրույթը՝ տնօրեն Սարգիս Խաչատրյանի գլխավորությամբ և  այլոք:

Արարողությունը շարունակվեց գյուղի դպրոցում, որտեղ հերոսների «Փառքի անկյունում» հանդիսավորությամբ բացվեց նաև Ռաֆիկ  Հովսեփյանի որմնաքարը, որի հեղինակն է Դավիթ Պալոյանը:

Անմահ հերոսների հիշատակին դպրոցի դահլիճում կայացավ Հասմիկ Մսրյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հա'յ զինվոր, քո անունը մեր սրտերում է» խորագրով միջոցառումը:
 
 
Պողոս  Խաչիկի Մելիքյան
Ծնվել է 1997 թվականի հունվարի 6-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սովորել է քանդակագործություն, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քոլեջում: Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: 

2019 թվականին ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց՝ որպես ընդունարանի կրտսեր բուժաշխատող: Այս պատերազմի ժամանակ հոկտեմբերին կամավոր մեկնել է Արցախ, եղել Խոջալուում՝ որպես բուժաշխատող, օգնել է վիրավոր զնվորներին։

Զոհվել է նոյեմբերի 9-ին, Շուշիում՝ վիրավորներին տեղափոխելու ճանապարհին:

Պավել  Միհրանի  Սահակյան
Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 30-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղում: Սովորել է տեղի դպրոցում; Զբաղվել է կարատե սպորտաձևով, ունեցել բազմաթիվ հաջողություններ, ինչպես նաև հաճախել է ծրագրավորման  դասընթացների:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ Ագրարային համալսարանի Գինեգործության բաժինը: Կիսատ թողնելով ուսումը՝ 2019 թվականի հունվարի 11-ին անցել է պարտադիր զինվորական ծառայության  Էջմիածնի զորամասում, որից հետո տեղափոխվել է Մեղրիի զորամաս:

Պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» շքանշաններով: Պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական, հոկտեմբերի 9-ին զոհվել ԱԹՍ-ի հարվածից՝ զինակից ընկերների հետ միասին:

Ռաֆիկ Արամի Հովսեփյան
Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 24-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի վարժարան, նաև կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի  անվան Ռազմական համալսարանում: 2016 թվականին ավարտել է ռազմական ուսումը:

Մինչև պատերազմը, կնոջ հետ ապրել է Ագարակ քաղաքում: Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ջաբրայիլ: Վերջին անգամ կնոջ հետ խոսել է հոկտեմբերի 6-ին: Զինակիցների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին: Նրա մարմինը գտել են 1 տարի 1 ամիս անց:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր