Իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները միմիայն և բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը․ Բորիս Բախշիյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա, որ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։
«Դա հետևյալն է՝ օրենքի և խղճի առաջ իմ պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ այս գործընթացները, որ իմ նկատմամբ այժմ իրականացվում են, զուտ, միմիայն և բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,-ասաց նա։
Հարցին՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդու՞մ է, Բախշիյանն արձագանքեց․ «Ես իմ գործունեության ողջ ընթացքում հանրության առջև մշտապես հրապարակային հանդես եմ եկել իմ դատական նիստերով և ակտերով, ես իրականացրել եմ իմ գործառույթները օրենքին համապատասխան, իմ ընկալմամբ, իմ խղճին և համոզմունքին համապատասխան»,-ասաց Բախշիյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։