211652_close_icon
views-count2413 դիտում article-date 14:38 06-02-2022

ՔՊ-ի հանրային կապերի համակարգողը ծավալուն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյն իր էջում գրել է.  

1. 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային բովանդակությանը: Նույն հարցազրույցում ասում է, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել: Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ:  Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները, որոնցից երեքին կանդրադառնամ և որոնք փաստաթղթերի հետ փոխկապակցվածության մեջ ամբողջություն են ձևավորում:  
    2. Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը, պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Բայց փաստաթղթում տեղի է ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ՝ այդ թվում վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները», 2016 թվականի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին», երրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այս վերնագիրն ինքնին ցույց է տալիս, որ 2016 թվականին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել է փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել. «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»,- ասում է նա հարցազրույցում, այսպիսով փորձելով հետահայաց արդարացնել 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափախությունը, երբ Տեր-Պետրոսյանը «փուլային» տարբերակի կողմնակից էր, ինքը և Ռ. Քոչարյանը «փաթեթային»: Իսկ 2016 թվականի իրադարձությունների վերը նշված ժամանակագրությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործարկվել ռազմական ուժի (սպառնալիքի) կիրառմամբ բանակցային բովանդակություն պարտադրելու մեխանիզմը: Բանակցություններում հայտնվել է կողմ, որը կարող է ասել «ոչ» և սպառնալ հարցը լուծել ռազմական  ճանապարհով: Սա երևում է Կազանից-ապրիլյան պատերազմ ընկած ժամանակահատվածի վերլուծությունից: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ:

    3. Սերժ Սարգսյանը ասում է, որ բանակցային գործընթացում միշտ էլ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի ԱԽ-ով: Ճիշտ է ասում: Բայց ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Հռչակագիրը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշում պիտի կայացներ: Ուրիշ ոչինչ: 2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ: Բանակցային գործընթացում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նախկինում իր ընդունած բանաձևերն ի կատար ածելու հնարավորություն է ստանում՝ կանխատեսելի ելքով:  

    4. Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, թե մինչև ԼՂ-ում իշխանության հարցը չլուծվեր, ադրբեջանցիները Ղարաբաղ չպիտի վերադառնային: Նա փորձում է զարգացնել այն թեզը, թե ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալը կարող էր տեղի ունենալ միայն ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումից հետո: Հենց այստեղ է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հետ կապված խնդրի էությունը, որովհետև  մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ըստ էության պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության ապահովման իրավական և գործնական հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես ԼՂ-ում իշխանության մարմինների գործունեությանը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլոց շարքում պետք է լուծեր նաև ԼՂ իշխանությունների կառուցվածքի և գործունեության սկզբունքների հարցը, որտեղ անխուսափելիորեն պետք է սահմանվեին նաև ադրբեջանական քվոտաներ՝ ԼՂ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Սերժ Սարգսյանը ասում է՝ մենք հո ֆաշիստ չե՞նք, որ ասենք՝ օրինակ ԼՂ օրենսդիր մարմնում միայն հայեր պետք է լինեն: Իհարկե, ֆաշիստ չենք: Բայց պիտի արձանագրենք, որ այստեղ սկզբունքային է, թե ԼՂ օրենսդիր մարմնի քանի՞ տոկոսը պիտի լիներ ադրբեջանցի, նույնը վերաբերվում է գործադիր, դատական, ՏԻՄ մարմիններին: Եթե ադրբեջանցիները ԼՂ իշխանության բոլոր օղակներում ունեն քվոտաներ, նրանք այդ քվոտաները զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան: Պիտի ունենան նաև ԼՂ-ում բնակվելու իրավունք: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետները առնվազն չէին լինելու մոտակա, այս ամենը նշանակելու էր ԼՂ ժողովրդագրական կազմի փոփոխություն՝ ասենք առաջիկա 50-100 տարվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա է հիմնվում պնդումը, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ իշխանություններում ադրբեջանցիների ներգրավման քվոտա էր սահմանելու: Պարզ տրամաբանության. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք փաստաթղթում գրված է, որ մինչև վերջնական կարգավիճակի հաստատումը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեությունը: Իսկ թե դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա, որոշելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն համանախագահող երկրների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդակցելու արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձևավորած առաջարկների հիման վրա: Եթե առաջին փաստաթղթի ձևակերպումով ամեն ինչ ավարտվեր, կարող էինք արձանագրել, որ գործելու է ԼՂ-ում առկա ստատուս քվոն: Բայց եթե այդ նախադասությունը բավարար չէ և խնդրի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ-ն է տալու, ուրեմն լինելու է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը ադրբեջանցիների լիարժեք ներգրավվածությունն է ԼՂ կյանքին: Ու այստեղ է, որ սկզբունքային կարևորություն է ստանում ԼՂ բնակչության ազգային կազմի հարցը:  

    5. Սերժ Սարգսյանը ասում է, որ հանրաքվեի մանրամասների հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր պետք է լուծվեին Հռչակագրի (բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի) ստորագրումից հետո, Հայաստան-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի բանակցություններին, որին պետք է մասնակցեին ԼՂ ներկայացուցիչներ: Նա չի ասում, որ որպես ԼՂ ներկայացուցիչներ բանակցություններին մասնակցելու էին ոչ միայն ԼՂՀ իշխանությունների, այլև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Այս նպատակով է Ադրբեջանում ստեղծվել «ԼՂ ադրբեջանական համայնք» անունով կազմակերպությունը: Ասում է բանակցային փաթեթներում ադրբեջանցիների ԼՂ վերադառնալու մասին ակնարկ չկա: Եթե ասվում է, որ ԼՂ բնակչություն ասելով պետք է հասկանալ նաև ԼՂ ադրբեջանցիներին, ինչպես կարող է սա «ակնարկ» չպարունակել այն մասին, որ բնակիչը պետք է ապրի բնակավայրում: Կամ ԼՂ ադրբեջանական համայնքը ինչի՞ համար էր գալու բանակցություններին մասնակցելու. իհարկե, Շուշիի և այլ բնակավայրերի հարց բարձրացնելու: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է նաև, թե ԼՂ բնակչության ազգային համամասնությունների հարցը բանակցային փաստաթղթերից երբեք չի անհետացել: Ճիշտ չի ասում, որովհետև Կազանի փաստաթղթում կա նման հստակ ձևակերպում, իսկ 2016-ի փաստաթղթերում չկա: 2022թ. հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկում է, թե 2016-ի բանակցային թղթերում կա հղում ԵԱՀԿ դեպոզիտարիա հանձնված կազանյան փաստաթղթին ու դա բավարար է այս հարցի համատեքստում: Եթե այդպես է, ինչու՞ է ինքը 2016-ին միջնորդներին նամակ գրել, պնդելով, թե կենսական է ազգային համամասնությունների դրույթը հստակ արձանագրել Հռչակագրի նախագծում: Թող նման հարց չբարձրացներ և բավարարվեր դեպոզիտարիա հանձնված փասթաթղթի վրա հղումով:

    6. Սերժ Սարգսյանը պնդում է, թե այսպես կոչված լավրովյան պլան չի եղել և այս անունը կպցրել են այսօրվա իշխանությունները: Այստեղ էլ անկեղծ չէ, որովհետև դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտությունը ստեղծել են իր իշխանության օրոք:

    7. Սերժ Սարգսյանը անլուրջ է համարում այն պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները:

    8. Սերժ Սարգսյանն ասում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016 թվականին միջնորդներին ուղղված մի փաստաթղթերում Սերժ Սարգսյանը այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական: Ի դեպ, Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունն էլ ճիշտ չի ներկայացնում, ասելով, թե 2016թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: Այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Եթե հենվենք 2021, 2022 թվականներին Սերժ Սարգսյանի կողմից ծավալվող այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պիտի ուրեմն արձանագրենք, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին, Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիտորինգի տակ թողնելու գաղափարը: Այս առաջարկությունից երեք ամիս անց, 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է.
ա) «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

բ) «Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:  

Նման արձագանքի պատճառը մեկն է. «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել (որի մոդիֆիկացված տարբերակը գոյություն է ունեցել նաև Մադրիդյան սկզբունքներում), որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: և ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը: Ի դեպ, 2019-ին ներկայացված փաստաթուղթը սկսվում է «Մենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության նախագահներս» արտահայտությամբ: 2019 թվականի դրությամբ Հայաստանի նախագահը վաղուց արդեն բանակցող չէր և համանախագահները չէին կարող նոր փաստաթուղթ կազմելիս մոռանալ այս նրբության մասին: Հին փաստաթղթի վրա արվել են նշումներ, ենթադրաբար՝ հիմք ընդունելով նաև բանավոր խոսակցությունները:

Այդ բանավոր խոսակցություններից մեկի մասին կարող ենք պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի 2016 թվականի աշնանը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված մի հարցազրույցից, որտեղ նա ասում է (մեջբերում). «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն դա տարածքային ամբողջականության սկզբունք է:

Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը:
Լրագրող – Այսինքն հանրաքվե:

Սերժ Սարգսյան - Այո հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ (մեջբերման ավարտ)

Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019-ին և երբեք չի համաձայնվել տվյալ փաթեթը ընդունել որպես բանակցությունների հիմք: ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները: Տվյալ համատեքստում պետք է նշել, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ընդհանրապես «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թվականի աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը, որովհետև այն թե ինչ է դա նշանակում պիտի այլևս որոշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն: Կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր:

9. Բանակցային իր ժառանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանը պատմում է՝ հարցը այսպես պետք է կարգավորվեր, այնպես պետք է կարգավորվեր: Է շատ լավ, թող կարգավորվեր: Ինչու՞ «կառուցողական բանակցող» Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ հարցի կարգավորման չի հասել: Եթե 2016-ի թղթերը ընդունելի էին, ինչու՞ չի ստորագրել: Նա ասում է, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր հնչեցված մտքերը, որ մեջբերված են սույն տեքստի 8-րդ կետում, կոնտեքստից կտրված են: 2018 թվականի ապրիլի 17-ի հայտարարությունները ազատ շրջանառվում են համացանցում, ամբողջական հարցուպատասխանները առկա են. որևէ բան կոնտեքստից կտրված չէ: Կոնտեքստից կտրված չէ նաև 2016 թվականի աշնան հարցազրույցը, որը կրկին մեջբերված է 8-րդ կետում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր կարգավորման փաստաթուղթ ստորագրել 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո: 2017 թվականի հուլիսի 16-ին էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասում է. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։ (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»։

Այսինքն՝ սա՞ էր պատրաստվում ստորագրել 2018 թվականին ՀՀ վարչապետ դառնալուց հետո, թե պատրաստվում էր բավարարել Ադրբեջանի անընդունելի ակնկալինքերը: 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը զարմանում է. իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները կարգավորման հարցում կամ Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հարցում պետք է համընկնեին: Կներեք, բայց տրամաբանությունն է ասում, որովհետև բանակցությունների նպատակը, եթե ուզում ես հարցը կարգավորել, մի այնպիսի թուղթ ստանալն է, որի տակ երկու կողմերը կհամաձայնվեն ստորագրել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման մի փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, Իլհամ Ալիևը ուրի՞շ:

Մինչև իր հրաժարականի օրը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը, Սերժ Սարգսյանը ոչ մի ազդակ չի տվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ հարցի կարգավորման թուղթ ստորագրել: Նրա բոլոր ազդակները եղել են բանակցությունների փակուղային վիճակի մասին: Տես վերը բերված երեք հրապարակային հայտարարությունները:

10. Բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և հետևաբար արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնություն չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր