211652_close_icon
views-count1611 դիտում article-date 22:04 17-02-2022

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի պահանջը փոխանցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարությունն ու աշխատակիցները սույն թվականի փետրվարի 17-ին բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են թույլ չտալ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում կառուցել բազմաբնակարան շենք:
Օտարված տարածքը 2014 թ-ին ընդգրկվել էր պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Այնուհետև այն հատվածը, որն անցնում է կենտրոնի տարածքով, դուրս է բերվել այդ ցանկից:

«Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից տարածքի օտարման և սեփականաշնորհման գործարքը 2017 թ-ին ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել էր և եկել էր եզրահանգման, որ այն ապօրինի է, սակայն գործը հետո կարճվեց», - ասաց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Բազմաբնակարան շենքի կառուցումը քիմիական լաբորատորիաների և արտադրությունների կողքին անընդունելի է: «Այդ շենքի կառուցումը խաթարելու է կենտրոնի բնականոն աշխատանքը: Կենտրոնում կան շատ թանկարժեք սարքավորումներ: Օրինակ, դրանցից մեկը ձեռք է բերվել 2 տարի առաջ 600 հազար եվրո գումարով: Այդ սարքավորումները շատ զգայուն են ցնցումների և փոշու նկատմամբ: Շինարարության ժամանակ դրանք կարող են շարքից դուրս գալ, և այդ դեպքում դեղամիջոցների սինթեզն անհնար կդառնա», - ասաց Սահակ Գասպարյանը:

Նշենք, որ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) բարձր պահանջներ է ներկայացնում դեղամիջոցների արտադրության պայմանների համար՝ մասնավորապես կապված փոշու և այլ աղտոտող նյութերի պարունակության հետ:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում խորհրդային տարիներին սինթեզվել և արտադրվել է 14 տեսակի դեղամիջոց: Հետագայում սինթեզվել և արտադրել է 4 տեսակի դեղամիջոց, որոնք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ օգտագործվել են բանակում:

Ներկայում կենտրոնը համագործակցում է արտասահմանյան՝ Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի դեղագործական ընկերությունների հետ,  որոնք հետաքրքրված են կենտրոնի արտադրանքով:

«Մենք ունենք խնդիր կառավարության դիրքորոշման հետ: Կառուցապատողը սպառնում է՝ եթե չթողեցիք, կգնանք արբիտրաժ: Սա շանտաժ է, որին կառավարությունը չպետք է տրվի: Կառավարությունը կարող է թույլտվություն չտալ, կարող է այլ տարածք տրամադրել կամ հետ գնել օտարված տարածքը», - ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը:
«Կառավարությունը հռչակել է գիտությունը որպես գերակա ուղղություն և որոշակի քայլեր անում է այդ ուղղությամբ:

Բայց մյուս կողմից կանաչ լույս է վառել նման անընդունելի կառուցապատման համար: Կառավարությունը պետք է կամք դրսևորի, ասի իր խոսքը, որ գիտությունը կարևոր է, գիտական կառույցի գոյությունը կարևոր է, թույլ չեմ տալիս որևէ ոչ գիտական շինություն կառուցել այդ տարածքում», - ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Աստղիկ Շախատունին:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականներն իրենց պահանջները նամակի տեսքով փոխանցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 

Նմանատիպ նյութեր