211652_close_icon

Մասիս կայարանի բնակիչներն ասում էին. «Վեոլիա Ջուրը ասես կույրաղիք լինի. ջրի համար վճարում ենք, բայց ցիստեռնից ջուր ենք առնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18893 դիտում article-date 23:31 18-02-2022
Տևական ժամանակ է, Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարանի բնակիչները չգիտեն՝ էլ ում դիմեն, որպեսզի նրանք կարողանան ազդել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնյաների վրա, որ գոնե մի քիչ իրենց «ուղեղներին զոռ տան» և ընդունեն՝ եթե պարտավորություն են վերցրել  բնակչությանը  սպասարկել խմելու ջուր, ապա պետք է այն կատարեն առանց թերությունների:

Այսօր՝ փետրվարի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մասիս կայարանի բնակիչներն ասում էին. «Եկել ենք այն համոզման, որ «Վեոլիա Ջուր»-ը ասես կույրաղիք լինի մեզ համար: Պարտաճանաչ վճարումները կատարում ենք, ոչ մի պարտք ու պահանջ չունենք,  սակայն  21-րդ դարում շաբաթը 2  անգամ մեր թաղամաս ցիստեռնով ջուր են բերում ու ստիպված գնում ենք այն:

Հիմա, որ ասենք ՝ «Վեոլիա Ջուր»-ը անպատասխանատու կառույց է, կասեն՝ վատաբանում եք:  Բա էլ ինչ ասենք, երբ չստացած ջրի համար վճարում ենք, բայց հետո ցիստեռնով ջուր ենք առնում: Ում ասես դիմել ենք՝ էլ Արարատի մարզպետարան, էլ Մասիսի քաղաքապետարան, էլ «Վեոլիա Ջուր»: էնտեղ արդեն մեր համարաներն անգիր են արել, զանգահարում ենք, նույն պատասխանն ենք լսում՝ ձեր զանգը գրանցվել է, խնդիրը կլուծվի:

Բայց այդ խնդիրը երկար ժամանակ է, լուծում չի ստանում: Պահանջում ենք իշխանություններից, մասնավորապես, ՀՀ կառավարությունից, ջրային պետական կոմիտեից, թող մարդիկ գործուղեն Մասիս կայարան, ու կտեսնեն թե «Վեոլիա Ջուր»-ը ինչպիսի անմարդկային   վերաբերմունք է ցուցաբերում սպառողների նկատմամբ:

Քաղաքակիրթ երկրներում եթե նման բան անեին սպառողի նկատմամբ, այդ ընկերությանը մի ամբողջ կլորիկ գումարով կտուգանեին, ինչու չէ, նաև կզրկեին աշխատանքներ կատարելուց, իսկ մեզ մոտ «Վեոլիա Ջուր» -ը ասես իրեն համարում  է արտոնյալ և  նման աշխատաոճ  է ցուցաբերում»:
 
Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր