211652_close_icon
views-count27887 դիտում article-date 11:36 19-11-2023

«Վեոլիա ջրի» փնթի աշխատանքը պատուհաս է դարձել Արարատի մարզի Մարմարաշենի բնակիչների համար, ովքեր ասում էին. «Օրը մեջ «Վեոլիա ջրի» փորած փոսում մեքենաներ են հայտնվում, հերթականը՝ BMW-ն ու Opel-ն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի գլխավոր փողոցում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սա այսօր երրորդ վթարն է, ու պատճառը ոչ այնքան վարորդների մեղավորությունն է, որքան որ «Վեոլիա ջրին»-ը: Քանի շաբաթ է «Վեոլիա ջուր»-ը իբրև թե ջրագիծ է անցկացնում, փորել է ու ոնց փորել է, այդպես աշխատանքներն անավարտ է թողել, ու գրեթե եթե ամեն օր չէ, ապա օրը մեջ էդ փոսերի պատճառով ավտովթարներ են լինում:

Ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, լուսային փարոսիկներ տեղադրված չեն, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում այդ ամենը պարտադիր են, իսկ մեզ մոտ «Վեոլիա ջուր»-ը արհամարհած ունի մարդկային կյանքերն ու մարդկանց հոգեվիճակը: Նրանք միայն լավ փող են հավաքում, հլը մեկ օրը վճարումը ուշացնես, կսարքեն մատի փաթաթան, ջրից կզրկեն, բա հիմա ով է ձեզ զրկելու ձեր պաշտոններից, որ կաբինետներում նստած ձեր թափաններն եք լցնում մեր՝ հարկատուներիս հաշվին:

Ո՞վ է տեսել 21 դարում նման փնթի աշխատանք, որ մեր գյուղում կատարում է «Վեոլիա ջուր»-ը, եթե մի անգամ «Վեոլիա ջրին» պատասխանատվության ենթարկեին, քիթը գետնին առներ, այս վիճակը չէր լինի, ու մարդկանց ավտոմեքենաներն էլ չէին հայտնվի «Վեոլիա ջրի» փորած փոսում, իսկ եվրոպական շատ երկրներում եթե աշխատանքները նման ձևի կատարվեին, ապա այդ ամենը կհամարվեր թերի ու կատարողներին մի այնպիսի խոշոր գումարով կտուգանեին, որ մյուս անգամ փոսը փորելիս կպահպանվեին անվտանգության բոլոր կանոնները»:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր