211652_close_icon
views-count1760 դիտում article-date 14:42 23-02-2022

1 մլրդ 435 մլն դրամ կտրվի համայնքային սուբվենցիոն ծրագրերին. Քաջարանի ծրագիրը 1,1 մլրդ դրամ է

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս որոշմամբ 1 մլրդ 435 մլն դրամ կհատկացվի մարզպետարաններին՝ 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 4 մլն դրամ, Արարատի մարզին՝ 42,2 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 28 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 145 մլն, Լոռու մարզին, 38 մլն, Շիրակին՝ 23 մլն եւ Սյունիքին՝ 1 մլրդ 181 մլն դրամ:

Սանոսյանի խոսքով, Սյունիքին հատկացվող գումարը Քաջարանի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրն է, որում ընդգրկված ենք աղաքի 25 շենքեր, որոնցից 3-ն ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60 տոկոս եւ ավելի աշխատանք է արվել. «Այս խոշոր ծրագրում կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով է եւ միայն 5 տոկոսն է, որ համայնքը պետք է տրամադրի: Այդ 5 տոկոսի կեսը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է հատկացրել որպես հովանավոր: Ստացվում է, որ Քաջարանի 25 շենքերի նման ծավալի հսկայական  ծրագրին համայնքն ունեցել է 2,5 տըոկոս մասնակցություն»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե մյուս համայնքներում ինչ սուբվենցիոն ծրագրերի համար է տրվում գումարը. «Մասնավորապես, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցների արտաքին լուսավորության մասին է խոսքը. Ըստ հաշվետվության աշխատանքներն ավարտվածէ: Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել, որը նույնպես ավարտված է: Արտաշատում մի շարք շենքերի տանիքների հիմնանորոգման հարցն է լուծվել: Այս  ծրագիրը նույնպես ավարտված է: Մասիս քաղաքի 38 շենք եւ ոստիկանություն տանող ճանապարհի ու մայթերի կառուցման ծրագիրն է, նույնպես ավարտված է: Գեղարքունիքի Ծովինար համայնքում խմելու  ջրագծի կառուցում է իրականցվել, շինարարությունն ընթացքի մեջ է, 70 տոկոսն արված է: Խոշոր ծրագիր է՝ 149 մլն դրամի: Նույն մարզի գեղարքունիք համայնքում խմելու ջրագծի հիմնանորոգում, աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաեւ Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականացվել, ծրագիրն ավարտված է: Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, որն արված է 90 տոկոսով: Լոռու Շմլուղ բնակավայրի զբոսայգում վերանորոգումն է իրականացվում, 90 տոկոսով արված է: Ջրաշենում արեւային կայան է կառուցվել, ծրագիրն ավարտված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով թվարկել ծրագրերը:

Անդրադառնալով Քաջարանում էներգաարդյունավետության բարելավման ծրագրին, վրչապետն ասաց. «Սա չափազանց կարևոր ծրագիր է, մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա, դա իր սոցիալական վիճակի համար ավելի ծանրակշիռ ներդրում է»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2021 թվականի 620 ծրագրից 447-ը փաստացի ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է 2022 թվականին՝ Սանոսյանն ասաց, թե երկու-երեք թիրախ են ընտրել ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները. «Այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք՝ 78,2 միլիարդ դրամի 457 հայտ է, բայց թիվը վերջնական չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն մանկապարտեղների մասով ունեն 173 հայտ. «Դրանցից 38-ը ամբողջովին նոր  մանկպարտեզների մասին է, մյուսները կամ հիմնանորոգումներ, կամ վերանորոգումներ ու բարեկարգումներ են»:

Նմանատիպ նյութեր