211652_close_icon
views-count1478 դիտում article-date 15:15 08-03-2022

Միայն «չոր» օրենքները և հետո դրանք կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ի առթիվ գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ կանայք,

Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ: Դրանից մեր պետությունը միայն ամրանալու է:

Բայց այս նպատակի համար միայն «չոր» օրենքները և հետո այդ օրենքները կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն:

Պետք է լինի այնպես, որ մարդիկ չունենան կարծրատիպեր կնոջ մասին, որ նրանք ձերբազատվեն թվացյալ վախերից:

Պետք է լինի այնպես, որ միշտ երջանկությամբ ընկալվի ու սպասելի լինի աղջիկ երեխայի ծնունդը, ու երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է:

Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:

Կինը չպետք է դառնա հասարակության որոշած խարանի զոհն ու ստիպված լինի ողջ կյանքում ապրել զրկանքներով:

Կինը պետք է գնահատվի իր մասնագիտական գիտելիքներով ու արժանիքներով, ու կին լինելը չդիտարկվի որպես տղամարդուն կանխակալ ստորադասություն աշխատանքից հետ մնալու, լիարժեք չգնահատվելու, անձնական զրկանքներ կրելու ու մյուս հարցերում:

Պետք է բացառվի կնոջ հանդեպ հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունը:

Հասարակական ու հատկապես քաղաքական-պետական կյանքում կնոջ ներգրավվածությունը պետք է համարել լուծված ոչ թե նրանով, որ բավարարված են օրենքների «չոր» տոկոսներ, այլ նրանով, թե որքան են գնահատված կանայք իրական կյանքում արհեստական ստորաբերումները բացառելու հաշվին: Կարծրատիպերից ու վախերից էլ պետք է առաջնահերթ զերծ լինի ինքը պետությունը, որ նպատակներին հասնելը դառնա դյուրին ու արագ:

Վերջապես, կանանց կյանքի հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն: Այս նպատակի համար ենք մենք 2016-2022թթ. արել լայնածավալ հանրային արշավներ #Դարձիր_օրինակ, #Դեմ_եմ_բռնությանը և այլ կարգախոսներով:

Ցավոք, բոլորս միասին անցանք համավարակի ճգնաժամով ու աղետաբեր պատերազմով, բայց դրանք ապացուցեցին` որքան բացառիկ է կնոջ նվիրումի արժեքը մարդու կյանքի փրկության, Հայրենիքի պաշտպանության ու մեր պետականության ամրության համար:

Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր