211652_close_icon
views-count1976 դիտում article-date 18:10 22-03-2022

Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ.
 

Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և  Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Նմանատիպ նյութեր