211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:00 28-03-2022

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ղազախ գործընկերոջը եւ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին:

Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար եւ շնորհավորել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում փոխշահավետ եւ հեռանկարային համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Ղազախստանի Սենատի նախագահը երախտագիտությամբ կարեւորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու եւ դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Ալեն Սիմոնյանը տարածաշրջանի իրավիճակը բնութագրել է որպես խոր հումանիտար ճգնաժամ՝ հույս հայտնելով, որ Ղազախստանը՝ որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա:

Կողմերը կարեւորել են երկու պետությունների հարաբերություններում օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղազախստանում բնակվող 15 հազարից ավելի հայերի խնդիրներին:

Ղազախստանի Սենատի նախագահը հավաստիացրել է, որ Ղազախստանում ապրող հայերն ամբողջությամբ ներգրավված են սոցիալ-մշակութային, տնտեսական եւ կրթական ասպարեզներում եւ օրինակելի համայնք են համարվում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ղազախ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

 

Նմանատիպ նյութեր