211652_close_icon
views-count1337 դիտում article-date 17:26 07-04-2022

Կայացավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի ապրիլի 1–3-ը տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կազմակերպած ֆորումին հրավիրված էին մասնակցելու Եգիպտոսի Հայոց թեմի, Իրաքի Հայոց թեմի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանների ակտիվիստ երիտասարդները:

Ֆորումը հյուրընկալեց Եգիպտոսի Հայոց թեմը՝ օրհնությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի։ Ապրիլի 1-ի առավոտյան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ տոնի առթիվ, Կահիրեի առաջնորդանիստ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի։ Ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով։

Հյուրընկալ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն ընթերցեց երիտասարդներին ուղղված Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։ Ցուցադրվեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձը, իսկ թեմակալ առաջնորդի ողջույնի խոսքից հետո ֆորումի ծրագրային մասի բացումն ազդարարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը: Երիտասարդական աշխատանքի փորձագետ, ՀԵՀԵՄ գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը ներկայացրեց ֆորումի հիմնական անելիքները: «Երիտասարդը նվեր է Եկեղեցուն, և Եկեղեցին նվեր է երիտասարդին», «Աստվածաշունչը և երիտասարդը» թեմաներով բանախոսությամբ հանդես եկավ Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ անդրադառնալով եկեղեցում երիտասարդի դերին և երիտասարդի կյանքում եկեղեցու դերին, ինչպես նաև՝ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։

Հայր Թովման ֆորումի մասնակիցներին ներկայացրեց նաև «ՀԵՀԵՄ տեղեկատվական հոգևոր-մշակութային սոցհարթակ» պրեզենտացիան, որտեղ պատկերված էր սոցհարթակներում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի իրականացրած աշխատանքը։ Անգելինա Ալեքսանյանն իր հերթին ներկայացրեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի էությունը, խնդիրներն ու նպատակները:«World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկած աշխատարաններում երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին առկա խնդիրները, կատարեցին երիտասարդական կարիքների գնահատում, առաջարկեցին դրանց լուծման ուղիները։

Բոլոր արձանագրությունները մշակվելուց հետո կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։ «Գաղափարի գեներացում. ծրագրի ստեղծում» դասընթացի շրջանակներում խոսվեց երիտասարդական ծրագրերի, կենսունակ գաղափարների գեներացման և դրանց իրականացման ուղիների մասին։ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ–ի հետ՝ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական նստավայրում: Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվեց նաև եկեղեցասեր երիտասարդական համաշխարհային կառույցի հետ համագործակցության հնարավորությունը։

Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում կայացավ հանդիպում տեղի հայ երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր ու մասնակցության վկայականներ, ինչպես նաև՝ «Երիտասարդի աղոթագիրք» ու «Հայրապետական խոսքեր եւ պատգամներ հայ երիտասարդին» գրքույկները։ Երիտասարդները պայմանավորվեցին հանդիպել Հայրենիքում՝ հուլիսի 6–10-ը տեղի ունենալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2022թ․ փետրվարի 4-7-ին կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ֆորումը, իսկ 2022թ․ մարտի 1-6-ը՝ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6): ՀԵՀԵՄ-ն ունի ութ տարածաշրջան՝ Հայաստան, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները եկեղեցասեր երիտասարդներին հնարավորություն են ընձեռում համատեղ գնահատելու երիտասարդների կարիքները, սահմանելու քրիստոնեական երիտասարդական աշխատանքի ձևերը և մշակելու տեղի երիտասարդությանը հոգևոր–եկեղեցական կյանքին ներգրավելու մեխանիզմները։

Տարածաշրջանային ֆորումները երիտասարդների համար նաև միմյանց ավելի լավ ճանաչելու, միասին աշխատելու, փորձի փոխանակման, երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ են և միջթեմական ամուր կապերի հաստատման կենսունակ գործիք։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ www.hehem.am [email protected]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր