211652_close_icon
views-count2715 դիտում article-date 10:08 24-04-2022

Անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը, նաև այս է խաղաղ դարաշրջան բացելու և Թուրքիայի հետ բանակցությունների պատճառը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: 

Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ:

Հարգելի հայրենակիցներ,

Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:  

Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: 

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:

Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:

Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ:

Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն:

Համահայակական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»:

Նմանատիպ նյութեր