211652_close_icon
views-count3116 դիտում article-date 11:01 27-04-2022

Ազգը պետք է ունենա ինքնամոռաց մահապարտների որոշակի տոկոս, ովքեր կկարողանան փրկել հայրենիքը․ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրուցում, անդրադառնալով hասարակության անտարբերությանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այս կարծիքը հայտնեց. «Այո, ցավոք, այսօր հանրությունը փողի, ապրուստի նկատմամբ անտարբեր չէ, բայց հայրենիքի, պետականության նկատմամբ անտարբեր է: Այն արժեքների նկատմամբ, որոնց նկատմամբ պետք է որ անտարբեր չլիներ: Այս իմաստով, շատ ծանր իրավիճակ է»:

- Իսկ նման իրողությունն ինչի՞ հետեւանք է: Չէ՞ որ մշտապես լսել ենք, թե հայ ժողովուրդը միշտ մաքառել, պայքարել է հայրենիքի, պետականություն ունենալու համար...

- Չէ, չէ, եթե հայ ժողովուրդը հայրենիքի համար մաքառած լիներ, էս օրին չէինք լինի, հայրենիքն էլ այսքան փոքր, այսքան կծկված ու անպաշտպան չէր լինի: Այս անտարբերությունը եղել նաեւ հարյուրավոր տարիներ առաջ, պարզապես գնալով ավելի ցայտուն է դրսեւորվում: Պարզապես, հիմա ենք հասկանում, թե ինչպես մեր հսկայական երկիրը դարձավ այսքան փոքր, այսքան անպաշտպան: Ցավոք, անտարբերությունը շատ է, գուցե գենետիկ հետեւանք է. արդեն չգիտեմ: Այնպես որ, պետք չէ պոռոտախոսությամբ զբաղվել, թե մեր ազգը էս, մեր ազգը էն, ցավոք, էդպես չի...

-Փաստորեն, մինչ օրս սին գաղափարներո՞վ ենք ապրել:

- Սինի խնդիր չկա, պարզապես ամբողջական ազգի անունից պետք չէ որեւիցե բան ակնկալել: Ազգը պետք է ունենա ինքնամոռաց մահապարտների որոշակի տոկոս, ովքեր կկարողանան փրկել հայրենիքը: Եթե էդ էլ չկա, արդեն շատ վատ է:

- Այսինքն՝ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի նման եզակինե՞ր:

- Այո՛, իրենց նմանների շատ քիչ տոկոս այսօր էլ, գուցե, կա: Բայց դա չափազանց քիչ է, եթե բավարար տոկոս լիներ, էս վիճակի մեջ չէինք հայտնվի:

- Սրբազան, այդ դեպքում, ուրեմն, որտե՞ղ փնտրել հայրենիքի փրկությունը:

- Նայած, թե ինչ եք հասկանում հայրենիքի փրկություն ասելով, նայած, թե հայրենիք ասելով, ինչ ենք հասկանում: Ամեն մարդ, հայրենիք ասելով, տարբեր բան է հասկանում: Օրինակ, արդեն հասարակության մեջ լուրջ խավ է ձեւավորվում, որը վստահ է, որ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, պարզվում է, մեր հայրենիքը չէ...

- Հոգեւորականությանը հաճախ մեղադրում են քաղաքականությանը խառնվելու մեջ: Հիշո՞ւմ եք, երբ Փաշինյանը եկավ իշխանության, Վեհափառին զրկեցին թիկնազորից` պատճառաբանությամբ, թե կաթողիկոսը ժողովրդից պաշտպանվելու կարիք չունի: Հետո եղավ հարձակում Վեհափառի վրա: Այդ օրերին գուցե արժեր ավելի՞ սուր հակադարձել օրվա իշխանության նման պահվածքին:

- Վեհափառը թիկնազոր երբեք չի ունեցել: Եթե որեւէ մեկը մտածում է, թե Վեհափառը թիկնազոր է ունեցել, եւ դրանից զրկել են, ապա այդպիսի բան չի եղել: Վեհափառին ընդամենը ուղեկցել է մեկ ոստիկանական մեքենա, այն էլ՝ Պետավտոտեսչության, ճանապարհ բացելու համար: Թիկնազորի հարցը եղել է հարձակումից հետո, երբ Վեհափառի վրա հարձակում է եղել, եւ քաշքշոց է եղել, հարց է բարձրացվել` տրամադրել Վեհափառին թիկնազոր, այսինքն՝ ապահովություն, որը այս իշխանությունը մերժել է: Դեռ առաջ են գնացել եւ մերժել նույնիսկ Պետավտոտեսչության այդ մի մեքենան տրամադրել: Այնպես որ, Վեհափառը թիկնազորի կարիք չի ունեցել, չունի եւ չի էլ ունենա: Սակայն թիկնազորի հարց հոգեւորականության կողմից երբեք չի դրվել, որ հոգեւորականությունն էլ պիտի փորձեր այդ հարցը պարտադրել կամ բարձրացնել մինչեւ վերջ, որովհետեւ ոչ մի հոգեւորական, ոչ էլ Վեհափառն ինքը, թիկնազորի անհրաժեշտություն չեն տեսնում: Եվ այդ հարցը չի էլ բարձրացվել հոգեւորականության կողմից, բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից եւ մերժում է ստացել մեծամասնությամբ: Այդ օրերին եւ առ այսօր հոգեւոր դասը ցույց է տվել իր միասնությունը եւ դեռ ցույց կտա, ինչի՞ մասին է խոսքը: Եվ դա ի շահ իր ժողովրդի եւ պետականության, ոչ թե ինչ-որ նեղ շահերի: Պետական գործիչները, ցավոք, այդքան չեն հասկանում պետական շահից, որքան՝ տերտերները: Բայց մենք այս իշխանությանը դեմ չենք նրա համար, որ իրենք հակաեկեղեցական են, դեմ ենք նրա համար, որ իրենք հայրենիքն են կորցրել, Հայաստանն են փոսի մեջ հասցրել:

- Իշխանական հայտնի կցորդներն էլ ձեզ մեղադրում են կոռումպացված լինելու մեջ:

- Այդ ումի՞ց պետք է հոգեւորականը կաշառք վերցնի եւ ի՞նչ հարց լուծելու համար:

-Լավ, որտե՞ղ գտնել փրկությունը, Սրբազան:

- Այդ մարդը հիվանդ է, քանի՞ անգամ ասենք` հիվանդ է այդ մարդը: Եթե մարդն ընդդիմադիրից անցնում է իշխանության եւ շարունակում է ընդդիմադիրի լեզվով, նշանակում է` նրա մոտ լուրջ հոգեկան հիվանդություն կա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր